Դատարանը Մայրապետյանին ազատ արձակեց 30 մլն դրամ գրավի դիմաց։
Կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը։
Գործարարի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով։ Գրավի չափ է սահմանել 30 մլն դրամը։
Ըստ տեղեկությունների` դատարանից դուրս գալուց հետո նա ուղևորվել է հիվանդանոց հետազոտվելու։
Հիշեցնենք՝ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։
Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերին Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու միջնորդության համար (ՀՀ ՔՕ 38-311 հոդված)։ Համարվում է, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկն է։
Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության և «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատերն է, ինչպես նաև Երևանի կենտրոնում զբաղվում է էլիտար անշարժ գույքի շինարարությամբ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am