Գլխավոր դատախազությունը բողոքարկել է նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու՝ դատարանի որոշումը:
Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը կարևորում է, որ Մարտի 1-ի գործի քննության ընթացքում, գոնե առաջին փուլում այս գործով մեղադրյալները գտնվեն կալանքի տակ, քանի որ նրանք, Սաֆարյանի ձևակերպմամբ, շատ ավելին են արել մարտի 1-ին, քան հիմա ներկայացվում է, և իրենք իրենց «ամուր կապերով» կարող են էական ազդեցություն ունենալ քննության և ապացույցների ձեռք բերման վրա։
«Դատախազությունը Մարտի 1-ի գործով իրականում պետք է մի քիչ ավելի սպեցիֆիկ մոտեցում ունենա։ Այդ անձինք շատ ավելին են արել։ Հիմա մեզ շատ մարդիկ են դիմում այդ ժամանակահատվածին հատուկ ապօրինությունների վերաբերյալ։ Որոշ մասին ընթացք ենք տալիս, մի մասը թողել են՝ տեսնելու համար, թե ինչ կլինի։ Ես ուզում եմ ասել, որ այդ մարդկանց միջամտությունը շատ ավելին է եղել շատ հարցերում, պայմանավորված իրենց դիրքով։ Եվ հենց դրանով էլ պայմանավորված, ազատության մեջ գտնվելով՝ նրանք կարող են ազդել ապացույցներ հավաքելու պրոցեսին։ Նրանք առաջին մի քանի ամիսը պետք է ազատության մեջ չլինեն։ Այս մասով դատախազությունը պետք է մի քիչ խիստ դրվածք ունենա։ Այն անձինք, որոնց անունները, որ հնչում են որպես Մարտի 1-ին շատ մոտ կանգնած անձնավորություն, քաղաքական պրոցեսներին շատ մոտ կանգնած մարդիկ, ընտրությունների արդյունքների վրա ազդող անձնավորություններ, արդարադատությանը խոչընդոտելու փորձ կատարած մարդիկ, ապա, ես գտնում եմ, որ իրենց մասով կալանք ընտրելը ճիշտ է։ Դրսում մնալով՝ նրանք հաստատապես կազդեն շատ ցուցմունքների վրա, և շատ փաստական տվյալներ վարույթն իրականացնող մարմինը չի կարող դարձնել հասանելի իրեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց տիկին Սաֆարյանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ Արմեն Գևորգյանին, ապա մեր զրուցակցի խոսքերով՝ Գևորգյանը լուրջ դերակատարություն է ունեցել Մարտի 1-ի ամբողջ պրոցեսի, մնացած իրավիճակների հետ կապված. «Կարծում եմ՝ քննության ընթացքում ծավալը կմեծացվի ու քննության առարկա կդառնա նրա անմիջական մասնակցությունը հենց Մարտի 1-ի, ընդդիմադիր ուժերի հետ հաշտության բանակցություններ իրականացնելու գործում, այդ բանակցությունների ձախողման գործում։ Իրականում Արմեն Գևորգյանը հանրապետության երկրորդ դեմքին շատ մոտ կանգնած մարդ է եղել և շատ քաջատեղյակ է եղել, թե ինչպես է պլանավորվել Մարտի 1-ը, ինչպես են այդ բռնարարքները եղել։ Նրա առայժմ շատ փոքր մեղադրանքներ են առաջադրված։ Կարծում եմ՝ առաջիկայում կավելացվեն մեղադրանքների ծավալները։ Դրա համար էլ ասում եմ, որ այս գործում ճիշտ է հետևողական կալանքի կիրառումը»։
Անդրադառնալով հարցին՝ այդ դեպքում ինչու դատարանները հետևողականորեն կալանք չեն կիրառում, վերացնում են կալանքի որոշումը, տիկին Սաֆարյանը պատասխանեց. «Ես միշտ մտածել եմ, որ պատահական չէ, որ երբ Քոչարյանը իշխանության եկավ, դատարանները փոխեց ու դրանք դարձրեց իրենը։ Ես համակարծիք չեմ, որ այսօրվա դատական համակարգն ամբողջությամբ փոխվի, քանի որ կան շատ դատավորներ, որոնք իրենց գործը շատ լավ անում են, բայց ներկայիս դատավորների առնվազն 70 տոկոսը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին և նրանք բոլորը ամուր կապերով կապված են իրար հետ ու ունեն որոշակի ներքին պարտավորություն Քոչարյանի առաջ։ Այդ տեսանկյունից մենք ունեցանք որոշակի ձախողումներ, որոնք մեծապես պայմանավորված են հենց իմ նշած հանգամանքով։ Դատավորներից շատերը ոչ թե չեն ուզում կալանք կիրառել, քանի որ այդպես են մտածում, այլ որ շատ լավ իմանալով նրանց մասնակցության չափը Մարտի 1-ի գործով, կաշկանդված են։ Ժամանակին, Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ նրանք հենց նույն գործով կալանքի մի շարք որոշումներ են կայացրել և իրենք են ենթարկելի եղել Քոչարյանի առաջ քաշած վարկածին։ Հենց այդ դատավորները ժամանակին իրենք են քաղբանտարկյալների նկատմամբ կալանքի որոշում կայացրել։ Այդ տեսանկյունից, իրենք կաշկանդված են իրենց նախկինում կայացրած որոշումներով»։ Սաֆարյանը նաև հավելեց, որ թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի միջամտելու դատական իշխանության գործերին, բայց նախապես պետք էր մտածել, որ դատական համակարգում աշխատում են դեռ այն դատավորները, որոնք 2008-ին կալանքի ու մեղադրական վճիռներ են կայացրել հենց ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ «Այդ դատավորներին պետք էր ազատել նման իրավիճակում հայտնվելուց։ Դա նաև մարդկայնորեն ճիշտ չէ։ Դրա համար ես հիմա չեմ կարծում, թե դատավորները սաբոտաժի են գնում։ Պարզապես գործում է նախկին ամուր, ավանդական կապերի հանգամանքը»,-եզրափակեց Սեդա Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվելարդարադատությանը խոչընդոտելու համար, և գործը միացվել էր Մարտի 1-ի գործին։ Ըստ մեղադրանքի՝ 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված, Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Դեկտեմբերի 11-ին էլ Գևորգյանին 3 նոր մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով: ՀՔԾ-ն նաև միջնորդել էր Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, սակայն դեկտեմբերի 14-ին Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը մերժեց միջնորդությունը: