Այն, ինչ ասվում է, չի բխում հենց Մանվել Գրիգորյանի շահերից. ստեղծվում է վտանգավոր նախադեպ

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ կալանքից ազատելու դեպքում Մանվել Գրիգորյանը կգնա Արցախ, իսկ Արցախը Հայաստան չէ, և ոչ մի իրավական մեխանիզմ չկա նրան այնտեղից հետ բերելու։ Փաստաբանի կարծիքով՝ Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելը ցույց է տալիս, որ դատարանը կայացրել է համարձակ, իրավաչափ և հեղինակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին Եվրոպական դատարանում կարմրելուց:

Քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված է, որ մեղադրյալի նկատմամբ խափանման այլընտրանքային միջոց կիրառելու դեպքում (այս դեպքում՝ գրավ) պարտավոր է վարույթ իրականացնող մարմնի կանչով ներկայանալ քննությանը, չներկայանալու դեպքում վարույթ իրականացնող մարմնի համար հիմք կհանդիսանա հանգելու հետևության, որ մեղադրյալը խուսափում է քննությունից, ինչը հիմք կհանդիսանա նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ համապատասխան միջնորդությամբ հանդես գալ դատարան՝ կալանավորելու։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ այն, ինչ ասվում է, չի բխում հենց Մանվել Գրիգորյանի շահերից։

«Հասկանալի է ենթատեքստը, որ Հայաստանի և Արցախի միջև կարող են չլինել այդպիսի իրավական ընթացակարգեր։ Կարծում եմ՝ վարույթ իրականացնող մարմնի համար հասանելի կլինի այդպիսի զարգացման դեպքում Մանվել Գրիգորյանին կրկին կալանքի վերցնելու վերաբերյալ համապատասխան միջնորդություններով հանդես գալը»,- ասաց փաստաբանը։

Նորայր Նորիկյանը նկատեց, որ հասարակությանը նախևառաջ պետք է տրվի պատշաճ տեղեկատվություն, մինչդեռ մեր հասարակության հետ աշխատանք չի իրականացվում։

«Պետք է արձանագրել, որ դատարանը նույնպես հանգել է հետևության, որ գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը իրավաչափ է։ Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ այս պայմաններում թույլատրելի է ճանաչում գրավը՝ որպես խափանման միջոցի՝ կալանավորման այլընտրանք։ Հետևաբար հասարակությանը պետք է տեղ հասցնել, որ գրավը կալանավորմանը փոխարինող այլընտրանքային խափանման միջոց է։ Եվ դատարանը հանգել է հետևության, որ մեղադրյալը, ազատության մեջ մնալով, կցուցաբերի պատշաճ վարքագիծ, և հենց այդ պատշաճ վարքագծի մեջ էլ տեղավորվում է փաստացի բնակության վայրից, առանց վարույթ իրականացնող մարմնի համաձայնության այլ տեղ չտեղափոխվելու խնդիրը, վարույթ իրականացնող մարմնից չխուսափելու խնդիրը։ Հետևաբար այս պայմաններում նման հարցադրումները չեն տեղավորվում պատշաճ վարքագծի տրամաբանության ներքո»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Նրա կարծիքով՝ ՀՀ-ում գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու որոշումը շատ կարևոր է, և դա պետք է դարձնել անշրջելի, պարզապես պետք է կարողանալ հասարակությանը հասցնել, որ խափանման միջոցը այլ բան է, պատիժը՝ մեկ այլ բան։ Խափանման միջոցը պատժի տեսակ չէ, և հնարավոր է, որ մեղադրյալը մնա ազատության մեջ, սակայն Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ավարտից հետո, եթե նա ճանաչվի մեղավոր, ենթարկվի քրեական պատասխանատվության:

«Սա պրոցես է, որը մենք պետք է անցնենք, և ես սրա մեջ վտանգավոր և ողբերգական բան չեմ տեսնում։ Եվ ամենակարևորը՝ փողոցը չէ, որ պետք է որոշի՝ ով է մեղավոր. սա լրջագույն սպառնալիք է դատական իշխանությանը։

Բա Հայաստանում 20 կամ 30 տարի պայքարն ինչի համար են իրականացնում՝ որ ոչ թե այս կամ այն կաբինետից որոշվի կամ այս կամ այն փողոցից որոշվի, կամ այս կամ այն կազմակերպությունից որոշվի՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ, այլ դատարանն ինքը որոշի՝ ով է մեղավոր և ով՝ անմեղ։ Եվ եթե մենք իսկապես մի ծայրահեղությունից պրծնում ենք և ընկնում մեկ այլ ծայրահեղության մեջ, պատկերացրեք՝ մենք ուր կհասնենք։ Եթե ժողովրդի ասելով և ուզելով լինի, ժողովուրդն ուզում է նախկին հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց փողոցում հրապարակավ քառատեն, Սերժ Սարգսյանին ցմահ բանտարկեն, բա մնացած ենթադրյալ հանցագործություններ կատարածներին ինչի՞ չենք անում»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Ըստ նրա՝ ստեղծվում է շատ վտանգավոր նախադեպ. «Ես շատ հարգում եմ մարդկանց բողոքելու իրավունքը, բայց պարտադրել դատարանին կայացնել որոշում՝ սա դուրս է ամեն երևակայությունից, չի կարելի նման բան անել։ Ես ուղղակի խնդրում եմ մեր հասարակությանը իրերին նայել շատ սթափ հայացքով։ Դու կարող ես համաձայն չլինել այդ որոշման հետ, դու կարող ես ստեղծել իրավական հիմքեր այդ որոշումը բողոքարկելու, բայց դու պարտադրես դատարանին այլ որոշում, այլ դատական ակտ կայացնել՝ սա անթույլատրելի է, և սա դատական իշխանության կործանումը կլինի»,- ասաց նա։

Միաժամանակ փաստաբանը նշեց, որ ինքը մտահոգված է, թե ինչու վարույթ իրականացնող մարմինը վեց ամիս ձգձգեց նախաքննությունը, չավարտեց այս գործը և չուղարկեց դատարան։

«Ըստ էության՝ մենք պետք է սպասենք դատաքննությանը, որպեսզի տեսնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղավո՞ր է, թե՞ անմեղ։ Ի վերջո, եթե մենք ուզում ենք օրինական երկիր կառուցել, պետք է առաջնորդվենք սահմանադրական նորմերով։ Չի կարելի անմեղության կանխավարկածի վրայով անցնել և ժողովրդական կամքով դատաստան տեսնել այս կամ այն անձի հետ։ Սա որևէ լավ տեղ չի տանելու մեզ»,- հավելեց փաստաբանը։

Աղբյուրը՝ 1in.am