«Այսօր համեմատության մեջ, բավականին լուրջ վարկանիշ ունենք, ես գոհ եմ, շնորհակալ եմ քաղաքացիներից նման վերաբերմունքի համար, դա մեզ օգնում, պարտադրում է, բայց մենք դեռ երկար անելիք ունենք, ունենք համապատասխան ներուժ եւ էներգիա»:
Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Մենք օր օրի վրա ավելի կատարելագործվում ենք, ես համեմատում եմ մայիս-հունիս ամիսների հետ, բավականին մեծ տարբերություններ կան դրական առումով: Ամեն դեպքում, իմ մնալ-չմնալու հարցը որոշողը վարչապետն է, այսինքն՝ եթե ինչ-որ մեկը իմ փոխարեն պետք է գա, անի այն, ինչ ես չեմ արել, խնդրեմ, այնպես չէ, որ ես աթոռից կառչած եմ»,- ասաց նա:
Անդրադառնալով իր մասին քննադատություններին ու այն կարծիքներին, թե ինքը թույլ ոստիկանապետ է, Վալերի Օսիպյանն ասաց.
«Ես գիտեմ՝ որտեղից է գալիս, թե ես շատ թույլ ոստիկանապետ եմ, գիտեմ՝ ովքեր են այդ լուրեր տարածողները, շատ գերազանց տիրապետում եմ, գիտեմ՝ ում է ձեռնտու, որ Օսիպյանը ոստիկանապետ չլինի: Շատ թույլ եմ, բայց կարողացել եմ կաշառակերությունը վերացնել, շատ թույլ եմ, որ իմ վրացի գործընկերն ասում է, որ Հայաստանում նախադեպ չունեցող ընտրություն է իրականացվել, և համեմատելով իրենց ընտրությունների հետ՝ ասում է, որ ձերն ավելի լավն էին, շատ թույլ եմ, որ Նարեկ Սարգսյանին հայտնաբերեցի, էլի կային հետախուզվողներ, որոնց հայտնաբերեցի: Ինչո՞վ է պայմանավորված իմ թույլ լինելը:
Ես գիտեմ՝ այդ քամին որտեղից է գալիս, թո՛ւյլ տվեք՝ չարտահայտվեմ: Մարդիկ կան, որ երազում են՝ իրենք դառնան ոստիկանապետ»,- պատասխանեց նա:
Աղբյուրը՝ armtimes.com