«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը դատական հայց կներկայացնի ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության դեմ՝ իրեն գաղտնալսելու հետ կապված։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Կարո Եղնուկյանը։
«Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երևում է, որ 2014 և 2015 թվականներին իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որևէ հիմք չի եղել: Ավելին ասեմ, որ այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել, և երեք տարի անց, երբ ինձ մեղադրեցին «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, այդ գաղտնալսումների նյութերը դրվեցին ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում և ես դատի եմ տալու ՀՀ ոստիկանությանը եւ ԱԱԾ–ին անօրինական գաղտնալսումների համար։ Իմ կամքից անկախ, տարիներ շարունակ իր մասին տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում։
Պետությունը խախտել է իմ՝ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արտահայտվելու ազատությունը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Եղել են խուզարկություններ, այդ խուզարկությունների ժամանակ կարող էին տեղադրել: Նույնիսկ երբ տուն էի գալիս, ասում էի՝ տղերք ես եկել եմ տանն եմ, կարող եք միացնել սարքերը»։