Եթե Քոչարյանը մեղավոր է, ապա Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն անմեղ են․ «Սասնա ծռեր»

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջի ցույցերի վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղին արյան և թալանի հետագիծ է։ Արցախյան ազատամարտի տարիներին և դրանից հետո նրա կառավարումն ուղեկցվել է երևելի հրամանատարների և քաղաքական ու հասարակական գործիչների սպանություններով և ավարտվել 2008 թ. մարտի 1- ին Երևանի կենտրոնում մեր քաղաքացիների գնդակահարությամբ։ Ստեփանակերտում նրա կողմնակիցների կազմակերպած ցույցի ժամանակ բացեիբաց ժխտում էին այսօրվա Հայաստանի հետ Արցախի վերամիավորման գաղափարը։ Ռոբերտ Քոչարյանին և նրա կողմնակիցներին, փաստորեն, պետք է միայն այնպիսի պետություն, որտեղ իրենք են իշխում և կարող են սպանել ու բռնագաղթի ենթարկել հայ ժողովրդին։ Շատ ցավալի է, որ անգամ պետականության և ազգի ապագայի համար իրական սպառնալիքները բացահայտող նման դրսևորումներից հետո մենք շարունակում ենք մնալ և ապրել երկակի ստանդարտների իրականության մեջ։ Մի իրականություն, որտեղ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, սակայն նույն այդ սահմանադրական կարգը վերականգնելու համար ընդվզած Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը կեղծ մեղադրանքով դեռևս բանտում են։

Ժամանակն է հրաժարվելու երկակի ստանդարտների իրականությունում ապրելու խիստ վտանգավոր մոտեցումներից և, ազնվորեն խոստովանելով դրա անհեթեթությունը, ազատ արձակելու բոլորիս արժանապատիվ և անվտանգ կյանքով ապրելու համար իրենց կյանքը զոհասեղանին դրած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Աղբյուրը՝ 1in.am