Ոստիկանները վնասազերծել են բանկ ներխուժած օտարերկրացուն։
Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.15-ի սահմանում Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկը կիրառել: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածը ԻԻՀ քաղաքացի, 1982 թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառն է, որը էլեկտրաշոկի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մորտեզա Գհորբան Ջոշոառը ձերբակալված է:
Պարզվել է նաև, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 21.15-ին Մորտեզա Գհորբան Ջոշոառը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատուն որպես հաճախորդ էլեկտրահարող սարքով այցելել և գումար է պահանջել դեղատան աշխատակցից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Քննությունը շարունակվում է:
Աղբյուրը՝ armeniasputnik.am