Իրավապահների գործողությունները չեն բավարարում գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաններին։ Պաշտպանական կողմը կարծում է, որ ոստիկանությունը ինքն է ուղղորդում ցուցարարներին։
Գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանը գրեթե զրկված է ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Այդ մասին ասաց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում` մեկնաբանելով Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքի ակցիաները։
Մանվել Գրիգորյանը մեկուսարանից դուրս գալուց հետո տեղափոխվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի իր առանձնատուն։ Հարազատ Էջմիածնի բնակիչները դուրս են եկել փողոց` պահանջելով վերադարձնել նրան կալանավայր։ Վախենալով ինքնադատաստանից` ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Գրիգորյանի առանձնատան մոտ։
Իրավապահների գործողությունները, սակայն, չեն բավարարում պաշտպանական կողմին։ Բաղդասարյանը կարծում է, որ ոստիկանությունն ինքն է ուղղորդում ցուցարարներին։
«Ոստիկանությունը կազմակերպիչներին հրավիրել է իրենց մոտ և խորհուրդ տվել ակցիաներ անցկացնել հրապարակում, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հավաքվեն», – ասաց Բաղդասարյանը։
Անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին` փաստաբանը նշեց, որ տվյալ պահին Գրիգորյանը ստացիոնար բուժման կարիք չունի։ Անհրաժեշտության դեպքում նա կդիմի բժշկի։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին 25 մլն դրամ գրավի դիմաց որոշում էր կայացրել ազատ արձակել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ինքնադատաստանի հնարավոր փորձերը կանխելու նպատակով, Գրիգորյանին տեղափոխել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, որտեղ նա առանձնատուն ունի։ Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում։
Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) այս տարվա հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։ ՀՔԾ–ն նրա առանձնատանը խուզարկություն էր իրականացրել։ Ուժային մարմինների աշխատակիցները այնտեղ զինվորների համար նախատեսված մեծ թվով պարենամթերք էին հայտնաբերել։
Աղբյուրը՝ armeniasputnik.am