Մշակույթի և Սփյուռքի նախարարության աշխատակիցները բողոքում են այդ նախարարությունները լուծարելու դեմ: Հայտնի է, որ կառավարության կառուցվածքային փոփոխության շրջանակում կա այդ նախարարությունները լուծարելու, այլ նախարարությունների միավորելու մտադրություն:
Երկու նախարարությունների աշխատակիցները խոսում են իրենց գերատեսչությունների գործառույթների կարևորության մասին: Սա բնական է, հազիվ թե որևէ մեկը հայտարարի, թե այն գերատեսչությունը, որտեղ աշխատում է ինքը, անիմաստ է կամ կարևոր չէ: Մյուս կողմից աներկբա է, որ Հայաստանի պետական կառավարման ապարատը ուռճացված է գրեթե անհնարինության աստիճան: Դրա նպատակները եղել են հասկանալի: Այդ միջոցով, մի կողմից, լուծվել են այսպես ասած սոցիալական խնդիրներ, հազարավոր մարդիկ աշխատատեղ են ստացել, թեկուզ ցածր վարձատրվող, բայց հարկատուների հաշվին, միաժամանակ այդ մարդիկ կապվել են գործող իշխանությանը և աշխատատեղ չկորցնելու համար նրանք աշխատել են այդ իշխանության օգտին, վերածվելով հենց այն չարաբաստիկ վարչական ռեսուրսին, որը եղել է ընտրակեղծարարության գործիքներից մեկը:
Այսինքն՝ ստեղծվել է փակ մի շրջան՝ ընդհանուր կոռուպցիոն համակարգի տրամաբանության ներքո: Ընդ որում, ամենևին բացառել պետք չէ, որ այսօր բողոքող մարդիկ են եղել նաև այն քվեարկողները, որոնց շնորհիվ ՀՀԿ-ն քիչ էր մնում հայտնվեր նոր խորհրդարանում: Որովհետև պետական ապարատի կրճատման անհրաժեշտության մասին խոսակցությունները տարբեր պաշտոնյաներ կամ նոր իշխանությանը մերձ կանգնած մարդիկ սկսել են վարել դեռևս ընտրությունից առաջ: ՀՀԿ-ն էլ փորձեց օգտագործել այդ հանգամանքը, ընտրարշավի ընթացքում խաղարկելով 150 հազար աշխատողի կրճատման մասին խոսակցությունը, թեև խոսքը ոչ թե միանվագ կրճատման, այլ տարիների օպտիմալացման մտադրության մասին է, որին զուգահեռ խոսվել է նաև աշխատանք կորցնող մարդկանց համար նոր աշխատատեղի հնարավորություն ստեղծելու անհրաժեշտության մասին:
Այժմ էլ ՀՀԿ-ն փորձում է օգտագործել քաղաքացիների բողոքը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադառնում է դրան և նշում, թե հազարավոր մարդիկ մնում են անգործ: Այն դեպքում, երբ նրա կուսակցության իշխանության շրջանում Հայաստանում անգործ մնացել են հարյուր հազարավոր մարդիկ, պարզապես ՀՀԿ-ն վարվում էր, իհարկե, ավելի խորամանկ ձևով՝ անգործ էր թողնում մարդկանց մասնավոր սեկտորում, մի մասին տեղավորում պետականում՝ ուռճացնելով ապարատը և դարձնելով կախված վարչական ռեսուրս, իսկ մյուս մասին՝ ոստիկանությամբ ցույց տալիս օդանավակայանի ճանապարհը՝ որ չմնան և հեղափոխություն չանեն, ինչպես կեսկատակ ասում էր նախկին վարչապետներից մեկը: Այլ կերպ ասած, երբ Հանրապետական կուսակցությունը փորձում է խոսել սոցիալական պաշտպանվածության մասին, խոսել գործազրկության մասին, այդ ամենը կարող էր ծիծաղ առաջացնել, եթե չառնչվեր իսկապես շատ տխուր թեմայի՝ միայն Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում, այսինքն՝ ՀՀԿ բացարձակ իշխանության տասնամյակում մոտ 400 հազար արտագաղթած հայաստանցի:
Սա ինքնաբերաբար չի նշանակում, թե այդպիսով արդարացվում է ներկայումս վարվող օպտիմալացման քաղաքականությունը: Այդպիսի լրջագույն խնդիրները չեն կարող արժանանալ հայելային համեմատության կամ ինքնաբերաբար գնահատականների: Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը ենթադրում է լրջագույն համակարգային քննարկում՝ հասկանալու համար, թե օպտիմալացման ուղղությունները, անհրաժեշտությունները, հրատապությունները, թե նաև զուգահեռաբար փնտրելու համար սոցիալական հետևանքի մեղմման տարբերակներն ու ճանապարհները:
Վերջին հաշվով, ակնառու է, որ այստեղ անխուսափելի է շահերի բախումը՝ պետական և մարդկային: Անքննարկելի է, որ Հայաստանում պետական կառավարման համակարգը պետք է կրճատվի, և պետք է բարձրանա արդյունավետությունը:
Միաժամանակ հասկանալի է, որ դա ենթադրելու է գործազրկություն հազարավոր մարդկանց համար՝ միանգամից, թե փուլ առ փուլ: Այդ երկու խնդիրը միաժամանակ և ներդաշնակ համադրել չի ստացվելու երբեք, չի ստացվել որևէ երկրում:
Ռեֆորմացիայի ցավը անխուսափելի է, պետք է խոսք լինի այն հնարավորինս մեղմելու մասին: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ պետական համակարգի ռեֆորմները պետք է ուղեկցվեն տնտեսական համակարգի ռեֆորմների ոչ պակաս դինամիկ ընթացքով, ու միևնույն ժամանակ՝ պետական համակարգի օպտիմալացումը պետք է ուղեկցվի այդ համակարգի վերնախավին առնչվող օպտիմալացումով: Իսկ տվյալ պարագայում խնդիրը լոկ հաստիքների կրճատումը չէ, այլ, այսպես ասած, աշխատանքային պայմանների օպտիմալացումը, սկսելով, օրինակ, ծառայական մեքենաների արմատական կրճատումից: Վերջին հաշվով, իրավիճակը և մթնոլորտը բոլորովին այլ տրամաբանություն կստանան, եթե քաղաքացիները տեսնեն, որ օպտիմալացման կամ պետական համակարգի ռեֆորմացիայի գործընթացը իր «հարվածային» ուժով բաշխված է հավասարաչափ՝ շարքերի և վերնախավի միջև:
Աղբյուրը՝ 1in.am