Սաբոտաժ Նիկոլ Փաշինյանի դե՞մ

Գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքն առաջինը չէ, որի խափանման միջոցը փոխելուց հետո հասարակությունն ընդվզում է։ Հասարակությունը շատ ավելի բուռն արձագանքեց, երբ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բանը նույնիսկ նրան հասավ, որ վերջինիս ասուլիսը տապալվեց։ Գեներալ Մանվելի վիճակն էլ, ըստ էության՝ մխիթարական չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա ազատության մեջ դարձյալ «փակված» է, այս անգամ՝ ոչ թե «ԿԳԲ-ի պադվալում», այլ՝ սեփական առանձնատանը։

Այնքան էլ էական չէ, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հասարակությունն ինչու է ընդվզում կամ ո՞րն է բողոքավորների կոնկրետ մոտիվը։ Վատն այն է, որ հասարակությունը սկսել է «ինքնադատաստանի» տրամադրություններով վարակվել, կամ առնվազն՝ որոշումներ պարտադրել դատա-իրավական մարմիններին, ինչն ինքնին դեգրադացնում է պետության լեգիտիմ հարկադրանքի ինստիտուտը։

Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը կամ Մանվել Գրիգորյանը հանցագործներ են ու դա ակնհայտ իրողություն է, ապա նրանք ոչ թե կառափնարան պետք է ուղարկվեն փողոցի որոշմամբ, այլ ազատազրկվեն՝ միանգամայն լեգիտիմ գործընթացի արդյունքում։ Առաջին ճանապարհը, այսպես կոչված, «քարանձավային» մտածողությունն է, որն, ի վերջո, արձանագրվելու է ՄԻԵԴ-ի վճիռներով։

Սակայն պետք է մեղադրել ոչ թե ընդվզող հասարակությանը, որը դեռ չի էլ հաղթահարել հեղափոխական էյֆորիան ու հավատում է փողոցի իշխանությանը, այլ՝ դատա-իրավական համակարգին, նախաքննության մարմիններին ու դատախազությանն, որոնք ամիսներով ձգձգում են գործերը։ Նման իրավիճակները, մի կողմից՝ առաջացնում են կալանավորների իրավունքների ոտնահարումներ, որովհետև, ի վերջո, չի կարելի մարդուն ամիսներով կամ տարիներով պահել անզատության մեջ, եթե օրինական դատավճիռ դեռ կայացված չէ, մյուս կողմից՝ հունից հանում են հասարակությանը, որը որոշում է, որ ինքը «վճիռներ» պետք է կայացնի կոռումպացված քննիչի, դատախազի կամ դատավորի փոխարեն։

Օրինակ՝ Մանվել Գրիգորյանը կալանավորված էր հունիսի 16-ից։ Ո՞վ էր խանգարում, որպեսզի նախաքննությունն արդյունավետ իրականցվեր, դատախազությունը պատշաճ վերհսկողություն իրականացներ ու գործն արդեն լիներ դատարաում, որտեղ կհաստավեր կամ կհերքվեր գեներալի մեղադրանքը։

Ամիսներով փնթի նախքաննությունը դոփել է տեղում, ու եթե հանկարծ այս ընթացքում վատառողջ գեներալին բանտում մի բան պատահեևր, ողջ պատասխանտվությունն ընկնելու էր ոչ թե ՀՔԾ-ի կամ դատախազության, այլ՝ Նիկոլ Փաշինյանի վրա։ Հիմա Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է ու դարձյալ, մեծ հաշվով՝ թիրախավորվում է ոչ թե կոնկրետ դատավորը, այլ՝ քաղաքական իշխանությունը, որը հասարակության կողմից մեղադրվում է «մուկն ու կատու խաղալու» մեջ։

Արդյո՞ք Հայաստանում աղմկոտ գործերն, այպես ասած, չունեն իրավական ամուր հիմք ու քաղաքականապես մոտիվացված են ու դա է ձգձգումների պատճառը, թե՞ հին համակարգի ազդեցությունից չձերբազատված իրավապահ համակարգը զբաղված է սաբոտաժով։ Սա հռետորական հարցադրում չէ, որովհետև եթե այս ոլորտում արմատական ու որակական փոփոխություններ տեղի չունենան, յուրաքանչյուր նոր աղմկոտ կալանավորում կամ ազատ արձակում կարող է երկրում քաոտիկ իրավիճակ ստեղծել՝ դրանից բխող խիստ անկանխատեսելի հետևանքներով։

Համենայն դեպս, այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ իրավապահ համակարգը սաբոտաժ է իրականացնում։

Աղբյուրը՝ 1in.am