Հաղթել է պատերազմում՝ պարտվելով խաղաղությանը, կամ միֆերի ավարտը

ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խափանման միջոցները փոխելուն ու նշել, որ հանրային գիտակցության մեջ խափանման մի միջոցը մյուսով փոխելը նույնացվում է պատժից ազատման հետ:

«Շատ, շատ ցավալի է, որ կալանավորում խափանման միջոցը հանրային գիտակցության մեջ նույնացվում է պատժի հետ, իսկ խափանման այս միջոցը փոխելը՝ պատժից ազատման կամ որ ավելի վտանգավոր է՝ անպատժելիության։ Մինչդեռ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ․․․ Կրկնակի ցավալի է, որ մասնագիտական ու ոչ մասնագիտական շրջանակներից փոխանակ այս պարզ իրողությունները բացատրելու հարկադրանքի միջոցների նպատակներից ու տարբերությունններից օբյեկտիվորեն քիչ տեղյակ լայն հանրությանը, այդ չիմացության վրա դիվիդենտներ են փորձում հավաքել»,- գրել է նա:

Գոռ Աբրահամյանը միանգամայն ճիշտ է, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հասարակության մոտ իրավական անտեղյակությունը խորացնում են հենց պետական մարմինների ներկայացուցիչները։ Օրինակ՝ երեկ Էջմիածնում հակամանվելական ցույցի մասնակիցներին հանդիպած բոլոր պետական պաշտոնյաններն, այդ թվում՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որպես հիմնական ալիբի, նշում էին հենց այն հանգամանքը, որ դատախազությունը վիճարկել է դատարանի որոշումը, այլ խոսքով՝ մարդկանց համոզում էին, որ գեներալ Մանվելը շուտով կվերադառնա մեկուսարան։

Նման վարքագիծն ամենևին էլ ճիշտ չէ, որովհետև, անկախ դատարանի վճռի բովանդակությունից, գործադիր իշխանության ներկայացուցիչները պետք է հետևեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակին, ով սկզբունքորեն չի մեկնաբանում դատական ակտերը։

Իշխանության ներկայացուցիչներն ավելի շրջահայաց պետք է լինեն հատկապես հիմա, երբ կառավարող դաշինքը խորհրդարանում ստացել է սահմանադրական մեծամասնություն և, ըստ էության, կարող է բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում, այսպես կոչված՝ դասական եղանակով, կամ էլ՝ անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու միջոցով։

Մանվել Գրիգորյանի պատմության հետ կապված գործում է ևս երկու մոլորություն։

Եթե գեներալը քննության ինչ-որ փուլում ազատ է արձակվել, օրինակ՝ հիվանդության պատճառով, դա չի նշանակում, որ այսպես կոչված, մանվելականությունը կարող է վերածնունդ ապրել․ դա զսպելու համար պետությունն ունի հարկադրանքի քաղաքակիրթ մեխանզմներ։ Այսինքն, հակամանվելականության կարգախոսով մարդկանց կոնսոլիդացնելը, մեղմ ասած՝ լուրջ չէ, ու այնքան էլ չի խոսում ակցիաների հասունության մասին, մանավանդ, երբ Էջմիածնի ցույցի կազմակերպիչները որոշել են վաղն ակցիա իրականացնել արդարադատութան նախարարության շենքի մոտ, որը ոչ մի կապ չունի դատարաննների կամ նրանց կայացրած վճիռների հետ։ Այնպիսի տպավորություն է, որ ոմանք ուզում են Էջմիածնում մանվելականությունը փոխարինել կլանային այլ համակարգով ու դա անելու համար գեներալի դեմ ցույցերը հարմար պատրվակ են։

Մյուս կողմից՝ Մանվել Գրիգորյանի սակավաթիվ պաշտպանները պետք է գիտակցեն, որ գեներալի հերոսական անցյալը, պատերազմը, կոչումներն ու մեդալները չեն արդարացնում նրա կատարած զազրելի արարքները։ Սա այն դեպքն է, որ մարդը հաղթել է պատերազմում՝ պարտվելով խաղաղությանը։ Իսկ դա շատ ավելի տխուր է։

Աղբյուրը՝ 1in.am