Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդություն և որոշել է փոխել ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Գրավի չափը եղել է 25 միլիոն դրամ:
Անօրինական զենք պահելու և խոշոր չափերի յուրացման համար մեղադրանք առաջադրված Մանվել Գրիգորյանը ունի առողջական լուրջ խնդիրներ:
Էջմիածնում սկսվել են բողոքի ցույցեր՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման։
Քաղաքապետ Դիանա Գասպարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Էջմիածնում բողոքի ցույցերին, նշեց, որ էջմիածնեցին այսօր ցույց է տալիս իր վերաբերմունքն ազատ արձակված անձի նկատմամբ. «Սա յուրաքանչյուրի իրավունքն է, և էջմիածնեցին այսօր իրացնում է այդ իրավունքը»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ ցույցերը Էջմիածնում ինքնաբուխ են և որևէ մեկը չի քննարկում դրանք որևէ կերպ ցրելու տարբերակը.
«Բնակչության հետ կզրուցենք, կտեսնենք, թե ինչ լուծումներ կարելի է գտնել։ Ամեն դեպքում ես լինելու եմ էջմիածնեցիների կողքին՝ լինի խաչմերուկներում, թե հրապարակում, ինչպես այսօր շրջանառվում է, որ պետք է լինի, իսկ մնացածն ընթացքում կերևա»,-ասաց Դիանա Գասպարյանը։
Հարցին՝ ինչպես եք գնահատում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման հանգամանքը, քաղաքապետը ասաց, որ չի կարող կարծիք հայտնել, քանի որ տեղյակ չէ, թե ինչն է հիմք հանդիսացել կալանքը գրավով փոխարինելու համար։
Նրա ազատ արձակման մեջ քաղաքապետը վտանգ չի տեսնում, քանի որ, նրա խոսքով, Մանվել Գրիգորյանն այլևս որևէ հանրային վստահություն, որևէ այլ ռեսուրս և լծակ չունի, և փողոցում ծավալվող իրադարձությունները հենց դա են ցույց տալիս։
«Մանվել Գրիգորյանը որևէ բանով չի տարբերվում Էջմիածնի այլ քաղաքացիներից, թերևս միայն այն վատ վերաբերմունքով, որ ձևավորված է նրա հանդեպ»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը Էջմիածնում այլևս գործոն չէ, որպեսզի վախի մթնոլորտ տիրի քաղաքում նրա ազատ արձակման հետ կապված։
Աղբյուրը՝ 1in.am