Թերթը գրում է, որ պատգամավորին պատկանող ընկերության «շնորհիվ» է բանանի գինը 300 դրամից հասել 600–ի։
Սամվել Ալեքսանյանը նոյեմբերին բավականին մեծ մասշտաբներով «ներխուժել» է բանանի շուկա և սպառնում է գրավել նախկին գերիշխողի՝ «Քեթրին Գրուպի» տեղը։ Այս մասին գրում է «168 ժամ» օրաթերթը։
«Հայտնի օլիգարխին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վարդան Ֆարմանյանը 2018-ի մայիսին հիմնել է «Սիթի» ընկերությունը, որը սկզբում ունեցել է ընդամենը 1 գրանցված աշխատակից, իսկ հուլիսին նրանց թիվը միանգամից դարձել է 2926, օգոստոսին՝ 3395, հոկտեմբերին՝ 3668 աշխատակից»,– նշված է հոդվածում։
Ըստ պարբերականի` «Սիթիի» աշխատակիցների ավելացմանը զուգահեռ՝ պակասել է Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Ալեքս Հոլդինգի» աշխատակիցների քանակը՝ մայիսի 5197-ից օգոստոսին հասնելով 3694-ի, իսկ սեպտեմբերին կտրուկ ընկնելով 372, հոկտեմբերին՝ 204։
«Ըստ ամենայնի, Ալեքսանյանն ուղղակի վերագրանցել է իր աշխատակիցներին մի ընկերությունից մյուսը։ Հենց «Սիթիի» ներկրած խմբաքանակի «շնորհիվ» բանանի գինը վերջերս կտրուկ թռիչք գրանցեց՝ 350 դրամից դառնալով 600 դրամ 1 կիլոգրամը։ Գերիշխողների ցանկում «Սիթիի» դիրքավորումը կերևա ավելի ուշ՝ 1-2 ամսից։ Շատ հնարավոր է՝ ականատես լինենք դրա վերելքին: Չնայած չար լեզուները պնդում են, որ իր սովորույթի համաձայն, Ալեքսանյանը «Սիթի» անվանումը երկար չի օգտագործի եւ նոր ընկերություն կգրանցի։ Ինչպես մեր աղբյուրներն են ասում, նա մի քանի ամիսը մեկ փակում ու նոր ընկերություն է բացում»,– գրում է թերթը: