Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ընթացքում կրկին օրինակ է բերել Հայաստանում խաղաղ հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հերթական անգամ, երբ Սաակաշվիլին անհանդուրժողականության կոչ էր անում իր հետևորդներին, նրանցից մեկի մեկնաբանությանը, թե առանց փողերի ու միջոցների հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, նախկին նախագահն այսպես է արձագանքել՝ «Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել»։
«Փաշինյանն իր միջոցներով ամեն ինչ արեց, իր միջոցներով շրջեց ողջ Հայաստանով և առանց կոպեկի պարտության մատնեց միլիարդներ ունեցող հակառակորդներին: Ավելին, երբ նա բանտում էր, Կարեն Կարապետյանը (նախկին վարչապետ, խմբ․) ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով ահա փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք…Իսկ նա գիտեք ինչ ասեց, բոլորին ուղարկեց նույն տեղը: Եվ այսօր նա Հայաստանի վարչապետն է, Հայաստանն այսօր ղեկավարում է ոչ օլիգարխիկ խորհրդարանական մեծամասնություն: Խնդրեմ ձեզ օրինակ, որ խոսում եք փողից և միջոցներից»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Աղբյուրը՝ aliq.ge