Մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցների հետագա գործողությունները կախված են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի արձագանքից։
Մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները դադարեցրել են գործադուլը կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո։ Սակայն սա կարճ դադար է, ցուցարարները կոնկրետ պահանջներ են առաջ քաշել, իսկ դրանց չկատարման դեպքում նրանք սպառնում են ծայրահեղ միջոցների դիմել, ընդհուպ մինչև ամանորյա օրերին ճանապարհների փակում և բողոքի ցույցերի կազմակերպում։
Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության աշխատակից Լուսինե Իգիթյանը։
Հիշեցնենք, որ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր առավոտից գործադուլ են հայտարարել ու հավաքվել նախարարության շենքի բակում։ Դրանով նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում ընդդեմ կառավարության ու վարչապետի պաշտոնակատարի օպտիմալացման ծրագրի, որի իրականացմամբ գործող 17 նախարարությունների թիվն առաջիկայում կդառնա 12։
Ցուցարարներն ուղղվել են ՀՀ կառավարության շենքի մոտ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նամակ փոխանցելու համար։ Նամակում նրանք նշել են իրենց բոլոր պահանջները։
«Եթե մինչև երկուշաբթի վարչապետը որևէ կերպ չարձագանքի, մենք մտադիր ենք ծայրահեղ միջոցների դիմել. նստացույցեր անցկացնել, ճանապարհներ փակել», – ասաց Իգիթյանը։
Նա ընդգծեց, որ նախարարության պահպանման համար պայքարում են նաև նախարարության ղեկավարները` ի դեմս Լիլիթ Մակունցի և Մխիթար Հայրապետյանի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի 17-ից 12–ի, և այդ հարցն արդեն քննարկվում է։