Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է համաներումից

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է համաներումով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունից: Այս մասին Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով առաջին դատական նիստից հետո նշեց Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Նա ասաց, որ Բեգլարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հերքում է, որ բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն է արել: «Առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել են բացառապես գործի ելքով շահագրգռված անձանց՝ տուժողի և երկու ենթադրյալ վկաների ցուցմունքները»,-շեշտեց նա:

Պաշտպանն ընդգծեց, որ կոնֆերանս-սրահում, որտեղ եղել է վերագրվող սպառնալիքը, եղել են 8 -ից ավելի անձինք, միջնորդել են, որ առերեսում կատարվի, բայց նախաքննական մարմինը չի կատարել, բավարար ապացույցներ չկան, որ Արման Մկրտումյանի նկատմամբ բռնության սպառնալիք է եղել, ինչի հետևանքով որոշել է գրավադրել բնակարանը:

Պաշտպանը նաև նշեց, որ գործով տուժողը պարզապես կարծում է, որ երկրում իրավիճակ է փոխվել, և իր անձնական կարիքների համար օգտագործած գումարը կարող է ինչ-որ կերպ ետ բերել: Պաշտպանը հիշեցրեց, որ տուժողն ինքն էլ ընդունել է, որ «Ֆլեշին» 120 մլն դրամի վնաս է հասցրել. վերաքննիչում դրա մասով առանձին գործ կա:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։

2018թ. օգոստոսի 24-ին հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար:

Աղբյուրը՝ armeniasputnik.am