Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել ավելի քան երկու տասնյակ ճանապարհային ոստիկանները

Օսիպյանն աշխատանքից ազատել է լավ չծառայող ճանապարհային ոստիկաններին։ Նոր իրավիճակից դժգոհներն անգամ ընտանիքներով հեռացել են Հայաստանից։

Ճանապարհային ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չէ։ Այսօր, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը` արձագանքելով դիտարկմանը, թե կան արտոնյալներ, ովքեր երթևեկում են շարասյուներով, երթևեկության կանոնները խախտելով ու «չեն փռվում ասֆալտին»։

«Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային, և վստահեցնում եմ ձեզ` ՀՀ ոստիկանությունում չկա կոռուպցիայի որևէ դրվագ, որևէ դեպք։ Ճանապարհային ոստիկանությունն այսօր ավելի լավ է աշխատում, քան նախկինում»,– ասաց Օսիպյանը։

Ոստիկանապետը հայտնեց նաև, որ աշխատանքից ազատել է ՃՈ մի քանի աշխատակիցների, որոնց վերաբերյալ կասկածներ է ունեցել, որ չեն կարող աշխատել նոր իրավիճակում։

«Ես չեմ կարող փակագծերը հիմա բացել, բայց ես ունեի ստույգ տեղեկություն, որ նրանք չէին կարող պատշաճ ծառայել և չէին ծառայում»,– ասաց Օսիպյանը` հավելելով, որ իր հրամանով աշխատանքից հեռացված ոստիկանների թիվը շուրջ 20-25 է։

Նոր իրավիճակին չհարմարված ոստիկաններից շատերն էլ, նրա խոսքով, իրենք են ազատվել աշխատանքից ու անգամ ընտանիքներով հեռացել Հայաստանից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am