Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Րոպեներ առաջ կայացած ռեկտորատի նիստով, որին ներկա էր նաեւ կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ստորեւ ներկայացնում ենք Ռուբեն Հայրապետյանի կենսագրությունը:
Ծնվել է 1987թ. մարտի 25-ին Երեւանում:
2002-2007թթ. սովորել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի կառավարում բաժնում եւ գերազանցությամբ ավարտել:
2007թ.-ին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա ուսուցմամբ ասպիրանտուրան եւ վաղաժամ ավարտել 2009թ.-ին՝ հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը եւ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2008-2009թթ. աշխատել է «Էլոլա» ՓԲԸ-ում (կաթնամթերքի արտադրություն)` որպես տնօրենի տեղակալ:
2009-2011թթ. աշխատել է «Գորիս կաթ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն: 2009-2012թթ. զուգահեռաբար աշխատել է ՀՊՏՀ կառավարման ամբիոնում՝ որպես ասիստենտ:
2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (Երեւան/Ստրասբուրգ): 2011թ. ավարտել է նաեւ Քաղաքական դասընթացների մոսկովյան դպրոցը (Մոսկվա):
Որպես փորձագետ` ակտիվորեն hամագործակցում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման կառավարման ոլորտներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ պետական կառույցների հետ: Մասնակցել է կառավարման եւ տնտեսագիտության ոլորտներում տեղական եւ միջազգային մի քանի տասնյակ գիտաժողովների, սեմինարների եւ համաժողովների: Ղեկավարում է մի շարք գիտահետազոտական նախագծեր՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր: «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության վարչության անդամ է:
Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո զբաղվել է ակտիվ գիտական ու մանկավարժական գործունեությամբ եւ 2013թ. արժանացել է դոցենտի գիտական կոչման:
2015թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը եւ ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
2018թ. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման:
2018թ.-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչն է:
Հեղինակ է շուրջ 50 գիտական հրապարակումների, հեղինակել եւ համահեղինակել է 10 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ եւ 1 դասագիրք:
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ:
Ամուսնացած չէ:
Աղբյուրը՝ armtimes.com