«Պետական կառույցները համագործակցում են այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրենց համար բարդություններ, գլխացավանք չեն առաջացնում: Սա իրավունքի, հավասարության խախտում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն հ/կ նախագահ Արթուր Աթոյանը:
Ըստ Ա. Աթոյանի՝ ամենուր խախտվում են սպառողի իրավունքները:
«Ես հանկարծ հայտնաբերեցի, որ մեր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի իրավունքն էլ է խախտվել: Էդ մարդուն էլ մենք պետք է պաշտպանենք: Հիմա իր իրավունքն էլ են խախտում: Սեպտեմբերի 23-ի կառավարության նիստի ժամանակ մարդը ցուցումներ, հանձնարարականներ տվեց. մինչև այսօր ո՞րն է կատարվել: Ոչ մեկը: Իսկ մենք պետք է պահանջենք: Պետք է ահազանգենք, թակենք Փաշինյանի դուռը, հարցնենք, թե՝ մենք ի՞նչ անենք քեզ օգնելու համար, պարո՛ն վարչապետ: Գանք քո դուռը մի երկու ժամ նստենք, ջուր կրենք, պատ շարենք, ի՞նչ անենք»:
Հարցին՝ արդյո՞ք իրենք դիմել են կառավարությանը՝ համագործակցելու համար, Աթոյանը պատասխանեց.
«Կառավարությանը կից Ջրի ազգային խորհուրդ գոյություն ունի: Այստեղ թևները ծալած նստում ու նայում են, թե ո՞ւմ բարևը, քայլվածքն իրենց դուր կգա, ո՞ւմ տան, ո՞ւմ չտան: Ես առաջարկել եմ, որ հ/կ-ների ներկայացուցիչների էլ ընդգրկեն այս կառույցում, որ մարդիկ գնան ու տեսնեն, թե իրենք ի՞նչ են անում, ի՞նչ են քննարկում ընդհանրապես: Երրորդ ամիսն է՝ ոչ մի պատասխան չեմ ստացել»:
Աղբյուրը՝ 168.am