Վլադիմիր Գասպարյանի մասին ՔԿ–ի կողմից հրապարակվածն ամբողջությամբ սուտ է. Աթանեսյան

Փաստաբանը վստահություն է հայտնել, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության` ակնհայտ սուտ մատնության համար։

Վլադիմիր Գասպարյանի մասին Քննչական կոմիտեի կողմից հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ սուտ են։ Այս մասին հայտարարել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։ Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության` ակնհայտ սուտ մատնության համար»,–գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 18–ին, քննությամբ ձեռք են բերել տվյալներ, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե նա ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:Այդ նպատակով նաև Արթուր Հարությունյանին ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց և ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։ Բացի այդ, իր ենթականերին հրահանգել է չխոչընդոտել նրա ձեռնարկատիրական գործունեությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում։ Միաժամանակ նաև ոստիկաններին հրահանգել է խոչընդոտներ ստեղծել Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների համար:

Նկատի ունենալով, որ քրեական գործով պարզված հանգամանքները պարունակում են պաշտոնեական դիրքը և ծառայողական պարտականությունները չարաշահելու հատկանիշներ` ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։