Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների գործի քննության արդյունքում նախկին ոստիկանապետի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր են բացահայտվել։

 Աբովյան– Երևան– Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանի` Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նոր փաստեր են ի հայտ եկել, որոնց հիմքով հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, քննությամբ ձեռք են բերել տվյալներ, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե նա ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Այդ նպատակով նաև Արթուր Հարությունյանին ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց և ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։ Բացի այդ, իր ենթականերին հրահանգել է չխոչընդոտել նրա ձեռնարկատիրական գործունեությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում։ Միաժամանակ նաև ոստիկաններին հրահանգել է խոչընդոտներ ստեղծել Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների համար:

Նկատի ունենալով, որ քրեական գործով պարզված հանգամանքները պարունակում են պաշտոնեական դիրքը և ծառայողական պարտականությունները չարաշահելու հատկանիշներ` ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հիշեցնենք` «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները 2008-09թթ–ից իրականացրել են կանոնավոր փոխադրումներ՝ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով:

2012-2016 թթ. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նույն երթուղիներով իրականացրել է անվճար ուղևորափոխադրումներ, որոնց հետևանքով, ըստ սեփականատիրոջ, իր «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ–ները կրել են մեծ ֆինանսական կորուստներ:

Արթուր Հարությունյանը Ծառուկյանին մեղադրում է իր ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու մեջ` նշելով, որ հակամրցակցային գործունեության հետևանքով 2015թ–ին իր ընկերությունները ճանաչվել են սնանկ և ձեռք են բերվել Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ այսօր նույն երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ:

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ, պաշտոնից ազատվել է 2018 թ. մայիսի 10-ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am