Aravot.am-ը գրում է.
Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայր, դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց արդարացման դատավճիռը Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար: Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» մականվամբ:
Ըստ մեղադրանքի՝ «Լիա»-ի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով հարվածել են Մուշեղ Մուշեղյանին, որն էլ ի պատասխան ատրճանակով կրակոցներ է արձակել. մահացել է Գևորգ Ավետիսյանը, ծանր վիրավորվել՝ Արամ Պետրոսյանը (որը Պետրոս Իսրայելյանի՝ «Չարբախցի Գեղամի» շրջապատից է):
Դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդել էր մեղավոր ճանաչել Նորատուսցի Ալիկին եւ նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարվա, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման: Դատավորը որոշեց, որ Չարբախցի Գեղամն 4 տարի ազատազրկման պետք դատապարտվի, բայց նրա դեպքում գործում է համաներումը: Այնպես որ, Նորատուսցի Ալիկն ու նրա ընկերները ազատ են: Մանրամասները՝ շուտով: