Հանրային ռադիոն իր պատմության կենսագրականում թերևս առաջին անգամ է հայտնվել մերօրյա անփառունակ անտերության մեջ: Հավանաբար եղել են նմանօրինակ ժամանակներ, սակայն, անշուշտ, այն ժամանակաշրջանում բարձրաձայնելը դառնում էր տխուր ճակատագրական,և լուռումունջ համակերպվելը դարձել էր սովորական երևույթ: Այսօր, բարեբախտաբար, այլ է իրավիճակը:
Մեր ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է: Թվարկենք դրանցից մի քանիսը.
1. Բանիմաց,փորձառու հեղինակ-վարողների շնորհիվ սիրված հաղորդումների անձնակազմին անփորձ ու անհասկանալի ճանապարհներով ռադիոյում պատահական հայտնվածներով փոխարինելու շարունակական իրավիճակ/արդեն յուղալի աշխատավարձերով։
2. Փոքրիշատե անուն-ազգանունով «հայտնի» անձանց՝որպես երրորդ, չորրորդ աշխատանք, նոր գործատեղեր տրամադրելու գերառավելություն:
3. Ռադիոլսողների կողմից վաղուց ընդունված,անսպառ սեր և հարգանք նվաճած, նեղ մասնագիտական որակավորմամբ վաստակաշատ հմուտ հեղինակներից հրաժարվելու գործընթաց՝ զուտ յուրայինների համար հաստիքներ ապահովելու նպատակով:
4. Աշխատավարձերի քմահաճ հանցավոր բաշխում՝առանց տրամաբանության և կանոնակարգի:
5. Ռադիո-հեռուստատեսության Հանրային խորհրդի որոշ անդամների կողմից ապօրինի ռադիո-հեռուստատեսային հաղորդումների վարձատրությունը այլ ազգանուններով:
6. Նույն Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրին ռադիոյի երկրորդ հարկում թագավորական կահավորմամբ ու մշտապես գոցված աշխատասենյակներ, որոնք տարվա մեջ բացվում են ընդամենը մի քանի անգամ: Այն դեպքում, երբ ռադիոյում հանրապետության սակավաթիվ վաստակավոր լրագրողները բացառապես զուրկ են աշխատանքային նստատեղից:
7. Առավելամեծ վեցանիշ թվերով աշխատավարձեր՝մի քանի տեղ գրանցված, իսկ ռադիոյում անհասկանալի պաշտոններ զբաղեցնող մարդիկ:
8. Եվ էլի շարունակ:
Մի խոսքով, Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ: Իսկ եթերը գիշեր-ցերեկ ապահովող, 24-ժամյա գրաֆիկով տեղխնիկական անձնակազմը 70-ից 100 հազար նվաստացուցիչ աշխատավարձով: Նույնը նաև բարձր վարկանիշով հաղորդումների ոչ «ընտրյալ» հեղինակները:
Վստահաբար կարելի է փաստել, որ վաղեմի սիրելի ու փառավոր ավանդույթներով Հանրային ռադիոն կորցրել է իր հիմնական գործառույթներով դեմքը և վերածվել քմահաճույքների փորձադաշտի: Եվ այս ամենը վերջին մեկ տարում:
Գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ իր «փափուկ բարձի» քաղաքականությամբ և սին խոստումներով, պարզապես բացարձակ տեղյակ չէ, անգամ դույզն-ինչ գաղափար չունի ռադիոյի այլազան օղակներում ծագող այլևայլ հիմնախնդիրներից: Չնայած մեղադրելու էլ չէ. միշտ ու մշտապես նրա կասկածելի գործուղումները աշխարհի տարբեր ուղղություններով թույլ չեն տալիս ժամանակ առ ժամանակ մի փոքր երկար ժամանակով հանգրվանել ռադիոյում և առանց գոռգոռալու լսել իր գործընկերներին: Ստեղծագործական ժողովները, եթերը համակարգող խորհուրդները վաղուց հուշ են դարձել: Ամեն ինչ թաքուն, հանկարծակի և անքննելի: Եվ այսպես շարունակ:
Մեր համբերության բաժակը լցվեց վերջերս ռադիոյի որոշ հմուտ հեղինակ-աշխատակիցներին աշխատանքից հեռացման ծանուցագրերը՝ կրկին առանց պատճառների:
Մեր կոլեկտիվը/կամ ավելի ճիշտ կլինի ասել ՝ ոչ յուրայինների ստվար մասը/ պահանջում է Մարկ Գրիգորյանի հրաժարականը: Սա մեր բողոքի հանրայնացումն է և սկիզբը, քանի որ մենք պատրաստ ենք գնալ ավելի կոշտ քայլերի, ինչը հետևանքային լուրջ ազդեցություն կունենա Հանրային ռադիոյի աշխատանքների և եթերի վրա: Իհարկե, կոլեկտիվի ցանկությունն է, որ հետայսու ղեկավար նշանակելիս բացառապես հաշվի առնվի հանրային ռադիոյի ներքին խոհանոցին ու բովանդակային նրբություններին քաջատեղյակ լինելը: Մենք ակնկալում ենք գիտակից, սրտացավ, աշխատանքներին լավատեղյակ նոր ղեկավար, ով կկարողանա վերականգնել Հանրային ռադոյի աշխատունակությունը, վարկանիշը և նշանակությունը հայ քաղաքացու կյանքում: Առայժմ այսքանը:
Հ.Գ. Նկատի ունենալով մեզ ունկնդիր աշխարհասփյուռ հայրենակիցների նկատմամբ բոլորիս սերն ու հարգանքը և մեր աշխատանքային պարտավորությունները ունկնդրի հանդեպ՝ մենք առայժմ չենք դիմում կտրուկ քայլերի՝ հույս փայփայելով, որ մեր արդեն խզվող ձայնը վերջապես լսելի կդառնա:
Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ