Մանվել Գրիգորյանի փաստաբանը գտնում է, որ ընտրովի արդարադատությունն են իրականացնում, որը վնասում է երկրի անվտանգությանն ու իմիջին:
«Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահում են անօրինական, քանի որ կալանքի տակ պահելու հիմքեր չկան»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կալանավորված գեներալ–լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Քաղաքական որոշում է կայացվել Մանվել Գրիգորյանին պատանդի կարգավիճակում պահելու և դանդաղ մահվան հասցնելու: Նրա գործով ամեն անգամ դատարանը հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ-ի պատվերը և կալանքի սանկցիան երկարաձգում»,–համոզված է Բաղդասարյանը։
Պաշտպանը դա անթույլատրելի է համարում, քանի որ Մանվել Գրիգորյանին քրեական գործով յուրացման համար է մեղադրանք առաջադրվել, վարույթ իրականացնող մարմինը վնասը արձանագրել է 7 մլն դրամի չափով, որը դեռևս սեպտեմբերին փոխանցվել է դատախազության դեպոզիտ հաշվին:
«Վարույթ իրականացնող մարմնին հարցնում ենք` որքա՞ն կարող են կազմել ենթադրյալ ֆինանսական խախտումները, ասում են՝ մաքսիմում 1 մլրդ դրամ։ Մենք պետությանն ենք նվիրաբերում 5 անգամ ավելի արժողությամբ գույք: Հիմա ո՞րն է պատճառը, երբ անձին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, բայց անձը մինչև հիմա գտնվում է կալանքի տակ, պատասխան չունենք»,-նշեց նա:
Փաստաբանը հիշեցնում է, որ ընտրովի արդարադատությունն առաջինը վնասում է երկրի անվտանգությանն ու իմիջին:
Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Դատարանն արդեն երրորդ անգամ է նրա կալանքի ժամկետը երկարաձգում:
Աղբյուրը՝ armeniasputnik.am