Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը։ Պաշտպանները հայտարարել են, որ այդ մերժումը սպասելի էր։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը, որով նրանք դատարանից պահանջում էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել։
«Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մերժումը սպասելի էր, քանզի դատարանի անկախությունը կասկածի տեղիք է տալիս, իսկ դատական որոշումները կայացվում են զանգերի միջոցով»,-ասված է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչված է այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և սեպտեմբերի 15-ին համացանցում տարածված հրապարակային հայտարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված, որի պատճառով էլ հայցվող Ռոբերտ Քոչարյանը խնդրել է պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «… Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած …»։
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ իր դեմ ներկայացվող հայցերը սովորական երևույթ են դարձել։
«Արդեն 25 տարի է` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս։ Աստված նրանց առողջություն տա ևս 25 տարի, թող շարունակեն», – ասել էր Փաշինյանը։
Լրագրողները հարցրել էին` նախկին նախագահները նրա վրա քաղաքական ճնշում գործադրու՞մ են, Փաշինյանն այս հարցին ծիծաղով էր պատասխանել։
Աղբյուրը՝ armeniasputnik.am