Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը զերծ է մնում պատասխանել հարցին, թե գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող ռուսական ռազմաբազայի զինծառայողը հանձնվել է հայկական կողմի՞ն, թե՞ ռուսական ռազմաբազայի տարածքում է:
Երեկ լրագրղների հետ հանդիպմանը հարցին, թե Գլխավոր դատախազությունը զերծ է մնում պատասխանել այդ հարցին, ԱԱԾ-ն ի՞նչ տեղեկություններ ունի, Վանեցյանը պատասխանել է, որ եթե դատախազությունը չի պատասխանում, ինքը չի կարող մեկնաբանել:
«Մարդասպանը չունի ազգություն, չունի պատկանելություն այս կամ այն մասնագիտությանը, մարդասպանը մնում է մարդասպան, որը պետք է ցանկացած պարագայում հայտնաբերվի ու դատապարտվի»,- հավելել է նա:
Վանեցյանը հավելել է, որ իր կարծիքով՝ եթե հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, պետք է հանցագործը դատապարտվի Հայաստանի դատարանի կողմից:
Առաջին հայացքից՝ Վանեցյանի ասածները միանգամայն տրմաբանական են, սակայն ԱԱԾ տնօրենն ակնհայտորեն փորձում է մեղմացնել ռուսական կողմի պատասխանատվությունը, երբ ասում է, որ մարդասպանն ազգություն չունի։ Վանեցյանի ասածը՝ տվյալ դեպքում, բարոյական նշանություն ունի, որովհետև մարդասպանը, որի անունն, ի դեպ, մինչև հիմա գաղտնի է պահվում հասարակությունից, ներկայացնում է ռուսական ռազմաբազան, որն ամբողջական պատասխանատվություն է կրում նրա վարքագծի համար։ Ավելին՝ եթե ռուսական ռազմաբազան իր ներսում տիրող «բեսպրեդելը» չի վերացրել անգամ 2015-ի աննախադեպ ոճիրից հետո, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանին նայում է օկուպանտի կարգավիճակով, կամ էլ՝ կարծում է, որ հայկական կողմի առջև հաշվետու լինելու անհրաժեշտություն չունի։
Երբ 2015-ի սկզբին տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանդը, Հայաստանի իշխանությունները դարձյալ խուսափողական պատասխաններ էին տալիս, ինչը հանգեցրեց նրան, որ Վալերի Պեմյակովը՝ թեև ֆորմալ առումով հանձնվեց հայկական արդարադատությանը, սակայն շարունակեց մնալ ռուսական ռազմաբազայում, ինչը նշանակում էր, որ նախաքննությունն ու դատաքննությունը, մեծ հաշվով, կաշկանդված են ու մնալու են այն գծի մեջ, որը թելադրվում է ռուսական կողմից։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն, ըստ էության, ոչինչ չի փոխել։ Նույնիսկ երևան են եկել նոր մտահոգիչ հանգամաներ։
Նախ՝ հանցագործությունը «խնամոքով» թաքցվել է ամբողջ իննը օր՝ թերևս այն պատճառով, որ հնարավոր աղմուկը չխանգարի ընտրական կամպանիային, օրակարագ չբերի հարցեր, որոնք կարող են խանգարել կառավարող դաշինքին ու նրա կամպանիային։
Երկրորդը՝ անհայտ են մնում հանցագործություն կատարած զինծառայողի անունը, պաշտոնը, նրա գտնվելու վայրը։ Հայաստանի պատկան մարմինները այս հարցերի բացահայտումները հասցեագրում են միմյանց՝ հասարակությանը պահելով անորոշության մեջ, գյումրեցիների պարագայում՝ մեծացնելով նաև վախի գործոնը։
Հայաստանի իշխանություններըը հանդես չեն եկել քաղաքական հրապարակային գնահատականներով, փոխարենը՝ հնչում են հայտարարություններ, որոնք ավելի շատ միտված են ռուսական կողմի պատասխանատվության լղոզմանը։
Սակայն ամենամտահոգիչն այն է, որ, ի տարբերություն քառամյա վաղեմության իրադարձությունների, պահանջատիրոջ դիրքերից հանդես չի գալիս հասարակությունը՝ թերևս այն վստահությամբ, որ երկրում արդեն գործում է վստահության ռեսուս ունեցող իշխանություն, որն ի վիճակի է լուծել խնդիրը։ Սակայն իշխանությունն, ըստ ամենայնի, որոշել է՝ ավելի չսրել Մոսկվայի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները, ինչի հետևանքով ստացվում է՝ հայ-ռուսկան հարաբերությունները որակապես մնացել են նույնը՝ առնվազն այս մաոսով կասկածի տակ դնելով հեղափոխության քաղաքական էֆեկտը։
Աղբյուրը՝ 1in.am