Դատարանը մերժել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը:
«Սակայն սա չի նշանակում, որ գործն ավարտվել է։ Մենք շարունակելու ենք աշխատել՝ ներկայացնելով փաստարկներ, մոտեցումներ, որով փորձելու ենք հիմնավորել մեր անմեղությունը, ներկայացված մեղադրանքների անհիմությունը»,- դատական նիստից հետո ասել է Արմեն Գևորգյանը։
Արմեն Գևորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի շարք ծանր հոդվածներով, որոնք վերաբերում են Մարտի 1-ի գործին ու կոռուպցիոն դրսևորումներին։
Գևորգյանը քրեաօլիգարխիայի համար ոչ միայն պատահական ֆիգուր չէ, այլ նույնսիկ նշանային դեմք է․ նա առանցքային դերակատար է եղել թե Ռոբերտ Քոչարյանի և թե Սերժ Սարգսյանի նախագահությունների շրջանում և, ըստ էության, խորհրդանշում է երկու այդ իշխանությունների միասնականությունը, ընդհանրությունը։ Այս իմաստով՝ Գևորգյանի գործը ամենաաղմկոտներից մեկն է հետհեղափոխական Հայաստանում, որովհետև ակնհայտորեն դրա թելերը տանում է անմիջականորեն դեպի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Արմեն Գևորգյանը ոչ միայն քրեաօլիգարխիայի ժամանակաշրջանի երկու նախագահներին ու նրանց թիմերը միավորող, ցեմենտող կերպար է, այլ նաև մեկն է, որը Քոչարյանի ու Սարգսյանի կողմից վերահսկել է քրեաօլիգարխիկ համակարգի տարբեր սեգմենտներին ու ապահովել է պետական մարմինների, այսպես ասած, օլիգարխացումը։ Այս պաշտոնյան վերահսկել է քաղաքական, ընտրական գործընթացները, Բաղրամյան 26-ի «հաճախորդներին», երկու նախագահների դեմ հանդես եկող գործիչների դեմ պետական մակարդակով իրականացված հետապնդումները։
Հավաստի աղբյուրների պնդմամբ՝ Արմեն Գևորգյանն իրականացրել է նաև Ռոբերտ Քոչարյանի «բիզնես կայսրության» մենեջմենտը ու, անկասկած է, որ նա ապահովել է օլիգարխիկ միլիոնավոր դոլարների հոսքը դեպի Բաղրամյան 26։
Եվ պատահական չէ, որ քրեաօլիգարխան պետք է օգտագործեր իր բոլոր ռեսուրսները՝ Արմեն Գևորգյանի կալանավորումը կանխելու նպատակով։ Ամենայն հավանականությամբ՝ հենց դրա հետևանք է առաջին ատյանի դատարանի այսօրվա որոշումը։
Նման դեպքերում՝ իշխանությունները պետք է հակազդեն երկու հարթության վրա։
Նախ՝ անհրաժեշտ է շատ ավելի ուժեղ իրավական հիմքերով վերաքննիչ բողոք ներկայացնել՝ դատական համակարգին զրկելով մանևրելու հնարավորությունից։ Կարծում ենք՝ նման պրակտիկան արդյունավետ աշխատել է Ռոբերտ Քոչարյանի գործի պարագայում։
Սակայն շատ ավելի կարևոր է, որպեսզի նոր խորհրդարանն արագ ընդունի օրենսդրական փաթեթը, որը հնարավորություն կընձեռի երկրում ձևավորել անցումային արդարադատության ինստիտուտներ։
Աղբյուրը՝ 1in.am