Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն են տարածել, ըստ որի՝ արտերկրում բնակվող գործարար ընկերոջ հետ պատրաստ են 6 միլիոն դոլար նվիրել պետությանը։ Որոշ ժամանակ առաջ էլ Ալեքսանդր Սարգսյանն էր պատրաստակամություն հայտնել իր բանկային հաշիվներից մեկին առկա 30 միլիոն դոլարն ամբողջությամբ պետբյուջե վերադարձնել, իսկ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը: Արդյո՞ք պետք է ներել նախկին պաշտոնյաներին, եթե նրանք պատրաստակամ են վերադարձնել հանրության հաշվին կուտակած հարստությունը։ «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամ, ինժեներ Վահագն Մինասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ սեփականության ճանաչման դիմաց փոխհատուցման չափը և ժամկետները պետք է դատարանը վճռի, այն դատարանը, որը անքննելի հեղինակություն և վստահություն կունենա հանրության մոտ, իսկ սեփականությունը պետք է ճանաչի հանրությունը:
Արդյո՞ք անցումային արդարադատությամբ պետք է հասնել խնդրի լուծմանը, Վահագն Մինասյանը նշեց ․«Ըստ էության, այո՛, անցումային արդարադատության անկյունաքարերից պետք է լինի սեփականության ճանաչման դիմաց փոխհատուցման ու դրա արդար բաշխման խնդիրը, իր հերթին, անցումային արդարադատություն կոչվածը պետք է հիմքը լինի անկախ, ազատ և արդար դատական համակարգի»։
Արդյո՞ք նրանց առաջարկած գումարի չափը այն չափն է, ինչ թալանել են պետությունից, Վահագն Մինասյանի կարծիքով՝ շատ ավելին են թալանել։ «Հուսամ, անցումային արդարադատությունը կկարողանա հստակ լուծել այդ խնդիրը, թալանվածը ողջ ծավալով պետք է վերադարձվի հանրությանը։ Կարծում եմ՝ հանրությունը պետք է որոշի փոխհատուցման չափի արդարացիությունը, չէ՞ որ հենց հանրությունը պետք է ճանաչի սեփականությունը և ներում շնորհի»,- ասաց նա։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Էլեն Հոխիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ մեր ունեցած դասական արդարադատությունը նմանատիպ իրավիճակների համար առաջարկվող լուծումներ չունի, դրա համար մեր նման երկրներին օգնում է անցումային արդարադատությունը, իսկ անցումային արդարադատության շրջանակներում ենթադրվում են նաև փոխհատուցման ծրագրեր։
«Որո՞նք են Վաչագան Ղազարյանի երաշխիքները, որ հետագայում իշխանության եկած այլ քաղաքական ուժ կրկին չի վերաբացի այն քրեական գործը/գործերը, որոնք նրա դեմ այժմ հարուցված են, և որոնցում, ըստ էության, առաջարկվում է ներել նրան։ Այսինքն՝ նա չունի երաշխիքներ, և նաև չի կորցրել մոտիվացիան հետագայում հնարավորության դեպքում իշխանության գալու հնարավորությունից օգտվել, իսկ մենք խնդիր ունենք նաև օլիգարխիային իշխանությունը զավթելու մոտիվացիայից զրկել։ Եվ հետո, նշված գումարը արդյո՞ք համապատասխանում է նրա ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստության իրական չափին։ Արդյո՞ք հանրությունը պատրաստ է այսուհետ ներել և համերաշխ ապրել նրա և այլոց հետ, ովքեր կհայտնվեն նմանատիպ իրավիճակում, քանի որ մեր խնդիրն է նաև Հայաստանում համերաշխություն հաստատել։ Մեր առաջարկած օրենքը հնարավորություն էր տալու, որ բոլոր այն նախկին պաշտոնյաները և/կամ նրանց պրոտեկցիոնիզմից օգտված այլ անձինք ապօրինի ճանապարհով ունեցվածք են կուտակել՝ հանրային միջոցների յուրացման ճանապարհով՝ հայտարարագրեն հաճախ այլոց անուններով ձևակերպված իրենց իրական ունեցվածքը և դատարանի որոշմամբ փոխհատուցեն՝ վերադարձնելով հանրությանը այդ ունեցվածքի մի մասը։ Այս ամենը պիտի հստակ փաստաթղթաշրջանառությամբ ֆիքսվի և արձանագրվի, որ տվյալ անձը անցումային արդարադատության այդ մեխանիզմի միջով անցել է, և նրա ունեցվածքի մնացյալ մասը օրինական կճանաչվի»,- ասաց Էլեն Հոխիկյանը։
Աղբյուրը՝ 1in.am