Նույն ձեռագիրն է. նոր իշխանությունները նախորդների նման ռուս զինվորական հանցագործներին տրամադրում են ռուսական կողմին. Գագիկ Համբարյան

Որպես ՀՀ քաղաքացի, առավել ևս գյումրեցի՝ ինձ շատ հետաքրքիր է, թե ՀՀ-ի իշխանությունները դեկտեմբերի 3-ից 11-ը ինչու էին գաղտնի պահում հանցագործի ով լինելը, երբ ամբողջ Գյումրին գիտեր:

Tert.am-ի հետ զրույցում նման հարցադրում արեց Գյումրու պետական մանկավարժական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին, ինչի պատճառով 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը մահացել է:Սակայն ռուս զինծառայողը չի ձերբակալվել հայաստանյան իրավապահների կողմից, այլ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը հակասում է մի շարք հայ-ռուսական պայմանագրերի:

«Տարբեր վարկածներ կարող եմ նշել՝ սկսած նրանից, որ մինչև վերջ փորձել են ծածկադմփոց անել, վերջացրած նրանով, որ միտումնավոր այդ օրը տեղեկությունը տարածեցին մեկ տողով, որպեսզի կորի այդ լուրը տեղեկատվական հոսքի մեջ, որը վերաբերում էր ԱԺ ընտրությունների ընթացքին և արդյունքներին»,- ասաց նա:

Ըստ Համբարյանի՝ հարցն այն է, որ ռուսական ռազմաբազայի հետ կապված խնդիրներ կան: «Եվ որքան ես նկատում եմ, այդ խնդիրները գնալով խորանում են»,- ասաց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այստեղ հայ-ռուսական պայմանագրի խախտում կա: «Այս ամենից ամենակարևոր հետևությունն այն է, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ տարածքում հանցագործություն կատարած ռուս զինվորականը հայտնվեց ռուսական ռազմաբազայի տարածքում, սա է հետաքրքիր»,- ասաց նա:

Գագիկ Համբարյանը նշեց, որ այս գործը նույն սցենարով կգնա, ինչ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում Պերմյակովի դեպքում էր:

Համբարյանը հիշեցնում է, որ նախկինում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խիստ քննադատում էր նախորդ իշխանություններին, որ շատ են «երես տվել» ռուսական կողմին: «Հիմա իրենք են իշխանությունը, և ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, հետաքրքրում է, թե ինչ են անում իրենք, որպեսզի ռուսական կողմը «երես չառնի»: Ավելին ասեմ, որևիցե ձեռագրի փոփոխություն չկա այդ առումով, ինչպես նախորդ իշխանություններն էին ռուս զինվորական հանցագործներին տրամադրում ռուսական կողմին, և նրանք իրենց նախնական պատիժը կրում էին 102-րդ ռազմաբազայի տարածքում, նույնն էլ նոր իշխանությունը. ի՞նչ տարբերություն՝ Ավետիսյան ընտանիքին սպանողն էր, թե այս կնոջը, որը նույնպես սարսափելի դաժանություն»,- ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am