Ավտոներկրողներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց և բողոքում էին կրկնակի հարկումից։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասն ներկայացրել է այն կարգը, որը գործում է ավտոմեքենաների առուվաճառքի ժամանակ։
Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնցով, մասնավորապես, վերանայվել է ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող անձանց եկամուտների ճանաչման կանոնը: Մինչև հուլիսի 1-ը գործող օրենսդրության համաձայն՝ եկամուտները ճանաչվում էին, այսինքն համարվում էր, որ ավտոմեքենա վաճառողը ստացել է եկամուտ, եթե փաստացի վճարվել է ավտոմեքենայի գինը: Հուլիսի 1-ից հետո եկամտի ճանաչման կանոնը վերանայվել է և սահմանվել է, որ անկախ այն հանգամանքից՝ փաստացի եկամուտը վճարվել է ավտոմեքենա վաճառողին, թե ոչ, այն հիմքով, որ ավտոմեքենան վաճառվել է, համարվում է, որ վաճառողն արդեն իսկ ստացել է եկամուտ ստանալու իր իրավունքը:
«Եվ եթե այս կանոնը մենք համադրում ենք հիմնական կանոնի հետ, համաձայն որի՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում երկրորդ անգամ ձեռք բերված և օտարված ավտոմեքենայի վաճառքից ստացվող եկամուտները ենթակա են հարկման, ստացվում է հետևյալ իրավիճակը Նախկինում, երբ երկրորդ ավտոմեքենան օտարվում էր ոչ թե վաճառքի ձևով, այլ նվիրատվությամբ և հետևաբար այս պարագայում չկար վճարման երևույթ, ստացվում էր, որ երկրորդ ավտոմեքենան ենթակա չէր հարկման»,– ասաց Պողոսյանը:
Նա ավելացրեց, որ հուլիսի 1-ից հետո, երբ այլևս վճարման փաստը չի կարևորվում, կարևորվում է միայն օտարման փաստը։ Այս պարագայում ստացվում է, որ եթե երկրորդ ավտոմեքենան անգամ անհատույց նվիրատվությամբ տրամադրվի որևէ այլ անձի, միևնույն է` ունենալու ենք հարկման երևույթ:
«Այս անձինք կարող են հարկային մարմնում հաշվառվել որպես անհատ ձեռնարկատերեր ու զբաղվել ավտոմեքենաների ներմուծմամբ և հետագա վաճառքով: Եթե նրանք գործեն շրջանառության հարկի համակարգում, այսինքն` դեռևս չգերազանցեն իրացման շրջանառության նախատեսված շեմը, որն այս տարվա համար 115 մլն դրամ էր, ու եթե կարողանան փաստաթղթավորել իրենց ձեռքբերումները, կարծում եմ` դա դժվար լուծելի խնդիր չէ, քանի որ խոսում ենք ավտոմեքենաների ներմուծման մասին»,– ասաց Պողոսյանը։
Նրանք կարող են ընդհուպ իրենց հարկային պարտավորությունը նվազեցնել մինչև 1.6 տոկոսի, որովհետև ավտոմեքենաների առուվաճառքի գործունեությունը սովորական առքուվաճառքի գործունեություն է, ինչպես, օրինակ` հագուստի առքուվաճառքի գործունեությունը, որի պարագայում հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության 5 տոկոսի չափով, բայց դա վերջնական հարկային պարտավորություն չէ: Դրանից նվազեցվում է ծախսերի 4 տոկոսը: Եվ արդյունքում ձևավորվում է վճարման ենթակա հարկի չափը: Սակայն եթե այդ վերջնական վճարման ենթակա հարկի չափը պակաս է իրացման շրջանառության 1.5 տոկոսից, ապա վճարվում է 1.5 տոկոս: Այսինքն` կարող ենք հետևություն կատարել, որ գործող օրենսդրությամբ արդեն իսկ ստեղծված են բավարար նպաստավոր պայմաններ նրանց գործունեության իրականացման համար:
Աղբյուրը՝ armeniasputnik.am