Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Խոսակցություններ կան, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախ՝ պետք է առաջնորդվել պաշտոնական տեղեկատվությամբ, իսկ այս դեպքում չկա պաշտոնական տեղեկատվություն։
«Մենք երբևէ որևէ բան չենք թաքցրել մեր հասարակությունից։ Մեր դիրքորոշումը միշտ կիսել ենք մեր հասարակության հետ։ Եվ եթե չկա պաշտոնական տեղեկատվություն, ուրեմն չենք քննարկում այս կամ այն հարցը»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանը նշեց, որ որևէ լարվածություն Արցախում չկա, մարդիկ իրենց առօրյա կյանքով են ապրում, բանակը կանգնած է իր դիրքերում։
Շրջանառվող լուրերը, թե հեղափոխությունն այսպիսով հասել է Արցախ, Դավիթ Բաբայանը նշեց. «Հեղափոխությունն ի՞նչ կապ ունի այդ լուրերի հետ, այսինքն՝ եթե ինչ-որ մեկը պաշտոնից դուրս գա կամ նշանակվի, դա հեղափոխության հետ ի՞նչ կապ ունի։ Կան մարդիկ, ովքեր փորձում են շահարկել։ Ղարաբաղում էլ մեկ-երկու հոգի անընդհատ կեղտոտ լուրեր են տարածում՝ հակահեղափոխական Արցախ և այլն։ Այ ժողովուրդ ջան, հերիք է, բոլ է. ոչ մի բան չի կարող խարխլել Արցախի և Հայաստանի միասնականությունը, եռամիասնությունը, հերիք է ջուրը պղտորել մի փոքրիկ բաժակում և փորձել այնտեղ ձուկ որսալ, չկա այդպիսի բան, բաժակում ձուկ չի լինում»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Աղբյուրը՝ 1in.am