Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոցի ընտրված տնօրենը կնշանակվի իր պաշտոնում. Հարությունյան

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է իր և վարչապետի այսօր դպրոց կատարած այցն ու մանրամասներ ներկայացրել։

Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր մարզպետի որոշմամբ կնշանակվի իր պաշտոնում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՆ պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասներ ներկայացնելով իր և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօր Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոց կատարած այցից:

Նա հիշեցրել է, որ նախընտրական փուլում՝ հանրահավաքներից մեկի ժամանակ մի խումբ քաղաքացիներ դիմել էին վարչապետին Չարենցավանի 3-րդ դպրոցի հարցով: Այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո կայցելի Չարենցավան:

«Այս համատեղ այցը կարևոր է նրանով, որ ուղիղ եթերում պետությունը, նրա ինստիտուտների ներկայացուցիչները հստակ հայտարարեցին, որ չեն կարող տուրք տալ հուզականությանը և հարցերը լուծել օրենքից դուրս: Նման իրավիճակներ եղել են նաև մի քանի այլ համայնքում, և սույն հայտարարություններով մենք արձանագրեցինք մեր գործողությունների շրջանակը, որից չենք կարող դուրս գալ:

Արձանագրվեց, որ երկու գերատեսչություններ՝ Կոտայքի մարզպետարանը ու Կրթության և գիտության նախարարություններն այս ընթացքում գործել են օրենքին և կարգերին համապատասխան: Արձանագրվեց նաև, որ իրավական տեսակետից նոր տնօրենի ընտրությունն անցել է օրենքին համապատասխան: Բողոքող կողմերից և որևէ մեկը մրցույթի անցկացման իրավական կողմի վերաբերյալ բողոքներ չուներ»,–գրել է Հարությունյանը:

Նրա խոսքով` կան բողոքներ, որ թե՛ ընտրությունից առաջ և թե՛ դրանից հետո եղել են ճնշումներ: Սույն փաստերով կզբաղվեն իրավապահները:

Վերջում նա նշել է, որ աշակերտների կրթության իրավունքը պետք է պաշտպանվի և դպրոցում վերականգնվի կարգ ու կանոնը:

Հիշեցնենք, որ դպրոցի աշակերտներն ու ծնողները դասադուլ էին անում և պահանջում, որ երկարաձգվի գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին քարոզարշավի շրջանակում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում էր, դպրոցի ծնողներին ու ուսուցիչներին խոստացել էր հարցին, որ օբյեկտիվ լուծում կտա խնդրին:

Աղբյուրը՝  armeniasputnik.am