Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոց այցելած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ուսուցչական կազմի հետ՝ պարզելու արդեն 10 օր ձգվող դասադուլի պատճառները:
Նա նախ իրավիճակի պարզաբանման համար դիմեց նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանին, որը վերջերս կայացած մրցույթում չէր վերընտրվել:
Լուսինե Կարապետյանը նշեց, որ նա դպրոցում տնօրեն է 2005 թվականից: Իր տնօրեն եղած ժամանակ դպրոցը կապիտալ վերանորոգվել է:
«Մենք վերացրել ենք կոռուպցիան դպրոցից, ուսուցիչներին նվերներ տալը: Թարմացվել է կոլեկտիվը, 3 անգամ վերընտրվել եմ, աշխատել եմ բավականին բարդ պայմաններում: Խնդիրներ եմ ունեցել վերադասի՝ մարզպետների հետ, որովհետև իրենց հակաճառել եմ, ընտրություններ էին անում, բավականին անորակ մասնագետներ էին ուղարկում»,- ասաց նա:
Այնուհետև ներկայացնելով դպրոցում ստեղծված իրավիճակը՝ Լուսինե Կարապետյանը նշեց, որ խնդիր կա դպրոցի խորհրդի 8 անդամների հետ: Նա պարզաբանեց, որ նրանցից 4-ը հին անդամներն են, 4-ը՝ նոր, որոնցից 2-ին հեղափոխությունից հետո նշանակել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, իսկ երկուսը ծնող են:
«Նոր թեկնածուներից մեկն այստեղի նախկին շրջանավարտ է, որը 10-րդ դասարանն այստեղ չկարողացավ ավարտել, լավ գնահատականներ էր ուզում, ես չհամաձայնեցի, ուրիշ այլ «լավ» դպրոց գնաց և կարողացավ ավարտել, և այն տրամադրվածությունը, որն իմ նկատմամբ ուներ, պահպանել էր»,- ասաց նա՝ նշելով, որ մարզպետի կողմից նշանակված մյուս թեկնածուն էլ այդ նույն՝ իրենց դպրոցի նախկին աշակերտի ընկերոջ կինն է, որը, ըստ տնօրենի, ինքնուրույն որոշում չի կարողացել կայացնել:
Լուսինե Կարապետյանի խոսքով՝ իրեն հիմա մեղադրում են, որ ուղղորդում է խորհրդին, ինքն է դասադուլի, դպրոցում այսօր ստեղծված իրավիճակի մեղավորը․ «Մեղադրանքները չեմ ընդունում, ես ոչինչ չեմ կազմակերպել, եթե ես դա արած լինեի, այս պատկերը չէր լինի, ես իսկապես չեմ խառնվել դպրոցի խորհրդի աշխատանքներին»,- ասաց նա:
Նշենք, որ նոյեմբերի 30-ին քարոզարշավի շրջանակում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում էր, դպրոցի ծնողներին ու ուսուցիչներին խոստացել էր հարցին, որ օբյեկտիվ լուծում կտա խնդրին:
հիշեցնենք, որ դպրոցի աշակերտներն ու ծնողները պահանջում են գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակի մասին գրառում է արել՝ նշելով.
«Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց և հանդիպում կունենա բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների և ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես օրենքի գերակայության պահանջներին խիստ համապատասխան:
Մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին՝ չխախտել երեխաների կրթության իրավունքը և զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց, իսկ բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանը ներկայացնող քաղաքական գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված իրավական գործընթաց է:
Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես օրենքով սահմանված նորմերի կիրարկմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից և խմբակային շահերից»։
Աղբյուրը՝ tert.am