Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դիմաց, որպես գրավ, խոշոր չափի գումար է առաջարկվել

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են վերջինիս ազատ արձակել 20 միլիոն դրամ գրավի դիմաց: Այս մասին հայտնել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը չի փոխել իր դիրքորոշումը, նա դարձյալ չի ընդունել իր մեղքը, սակայն հավելել է, որ եթե կան ինչ-որ բաներ, որը արել են իր ընտանիքի անդամները, և ինքը չգիտի, պատրաստ է կրել դրանց պատիժը։

Արսեն Մկրտչյանը խոսել է նաև Մանվել Գրիգորյանի ինքնազգացողության մասին՝ նշելով, որ վերջինս վաղուց մեքենա չէր նստել, չէր տեղաշարժվել, ինչի պատճառով էլ ինքնազգացողությունը վատացել է և հրավիրվել է շտապ օգնություն:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ

հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատարանը միջնորդության մասին որոշումը կկայացնի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին:  Միջնորդությունը քննում է դատավոր Մարինե Մելքոնյանը:

Աղբյուրը՝ bavnews.am