Ես ուղղակի ուզում եմ հասկանալ տրամաբանությունը՝ եղել է հեղափոխությո՞ւն Ս․Սարգսյանի ռեժիմի ու նրա համակարգի դեմ, թե՞ եղել է ՏԵՂԱփոխություն նրա աջակցությամբ. Արթուր Արմին

^ Այն տպավորությունն է ստեղծվել, որ այսօրվա իշխանությունները հեղափոխություն են իրագործել Ռ․ Քոչարյանի իշխանության դեմ, այլ ոչ թե Ս․ Սարգսյանի ռեժիմի դեմ։ Ողջ հասարակությունը լրատվական ազդեցությամբ ուղղորդված՝ նույնիսկ չի հիշում, թե ինքն ո՞ւմ դեմ էր ելել հրապարակ։ Կարծես Ս․Սարգսյանն այն հրեշտակն էր, որը թույլ տվեց իր նկատմամբ հեղափոխություն անել և ուրեմն պատասխանատու չէ 6 միլիարդ դոլար երկիրը պարտքի տակ գցելու համար (որտե՞ղ և ինչպե՞ս են ծախսվել այդ գումարները), պատասխանատու չէ մի փոքրիկ երկրից 10 միլիարդ դոլար անօրինական արտահոսքի համար, պատասխանատու չէ դիկտատորական ռեժիմ ստեղծելու համար, պատասխանատու չէ տոտալիտարիզմի հիմնասյուն հանդիսացող ՀՀ Սահմանադրությունը հասարակությանը պարտադրելու համար։

Ես ուղղակի ուզում եմ հասկանալ տրամաբանությունը՝ եղել է հեղափոխությո՞ւն Ս․Սարգսյանի ռեժիմի ու նրա համակարգի դեմ, թե՞ եղել է ՏԵՂԱփոխություն նրա աջակցությամբ։

^^ Ավելին։ Եթե “հեղափոխականներին” թվում է, թե հասարակությունը մոռացել է ՀՀ 1-ին Նախագահի անօրենությունները, ապա չարաչար սխալվում է։
ԼՏՊ-ի օրորք էր, որ Սովետական Հայաստանի ողջ արտադրական արսենալը սեփականաշնորհվեց՝ գռփվեց ու փոշիացվեց (ՀԽՍՀ ողջ արտադրական արսենալի 76.2%-ի սեփականաշնորհումից պետական գանձարան է մտել միայն 820 հազար դոլար։ Այս թվերը օֆիցիալ հայտարարվել են ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից, 1997թվին, Լոս Անջելեսում, մամլո ասուլիսի ժամանակ։ Տես “Եղիցի Լույս” ամսագիր, 1997թ․ N 7։
Միայն մեկ օրինակ․ կոնյակի գործարանի 2․5 միլիոն դեկալիտր խտացված կոնյակի սպիրտը՝ 2 միլիարդ դոլար արժողությամբ, չքացավ։ Տես՝ Ա․ Կիրակոսյան “Մայրամուտի շեմին”):
ԼՏՊ-ի ժամանակ ու նրա թողտվությամբ էր, որ սկսեցին մեծ թալանի տարիներին ձևավորվել այսօրվա աֆտարիտետներն ու օլիգարխները։ Ամենամեծաքանակ քաղաքական սպանությունները նույնպես տեղի են ունեցել հենց նրա ժամանակ ու հրահանգով, որոնք առ այսօր չեն բացահայտված (Հ․Ղանդիլյան, Հ․ Գալստյան, Մ․ Յուզբաշյան և այլն, և այլն․ դրանց թիվը հասնում է տասնյակների)։

Ե՞րբ եք ԼՏՊ-ին պտասխանատվության կանչելու։

Անդրադառնալով Ռ․ Քոչարյանին։ Միթե՞ Ռ․Ք․-ին տասնյակների հասնող անօրինությունների համար քրեական պատասխանատվության կանչելու փոխարեն պետք էր նրան կանչել Մարտի 1-ի գործով, և այն էլ այդքան թույլ քննչական հիմնավորումներով (Ի միջիայլոց Մարտի 1-ի համար նրա հետ հավասար պատասխանատվություն պետք է կրեն, թե՛ Ս․Ս․-ն, թե՛ ԼՏՊ-ն)։

Եվ ամենամեծ զավեշտը։
Նոր իշխանությունները հայտարարում են, որ իրենք գործելու են ըստ ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենքների, որոնք ձևավորել է նախկին հանցավոր ռեժիմն իր իշխանության պահպանության համար։ Հարց է առաջանում․ եղե՞լ է հեղափոխություն, թե՞ գաղտնի համաձայնությամբ ՏԵՂԱփոխություն։

^^^ Եվս մեկ նկատառում։ Արդյո՞ք դուք չեք հասկանում, որ Սորոսյան հիմնարկների հետ ձեր “սիլիբիլիները” երկիրը կարող են տանել փլուզման։ Ցույց տվեք աշխարհում առնվազն մեկ երկիր, որը սորոսյան թափանցումից չի փլուզվել։

ԱՄՓՈՓՈՒՄ
Սիրելի հեղափոխականներ, եկեք “Քյոռի լոտո” չխաղանք։ Արդյո՞ք դուք հասկանում եք, որ ձեր ինքնահաստատման խաղիկների պատճառով մենք կարող ենք կորցնել պատմականորեն մեզ ընձեռնված ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ստեղծելու երկրորդ հնարավորությունը (անկախության առաջին տարին մենք ունեցել ենք դրա առաջին հնարավորությունը, որը մորթազերծվեց ԼՏՊ-ի ու նրա ոհմակի կողմից)։

Կան երկու ճանապարհներ՝ կամ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ձևավորելու ճանապարհը, որտեղ չի՛ կարող լինել սելեկտիվ արդարության որևէ դրսևորում, կամ նախկին համակարգին որդեգրվելով դուք կդառնաք հաջորդ վիշապը*, և այս անգամ հրապարակ ելած ամբոխը ձե՛ր արյունն է ցանկալու։
——————————
* Վիշապի հեքիաթն այն մասին է, որ ամեն տարի վիշապի դեմ՝ ժողովրդի համար ելած հերոսը, երբ հաղթում ու նստում է իշխանության աթոռին՝ ինքն է դառնում վիշապ։

Հ․Գ․ Զգուշացնում եմ ծայրահեղ մոլագարներին։ Վայրահաչելիս իմացեք, որ կհայհոյեմ ու կարգելափակեմ։