«Խոպանչիներին» կհարկեն միայն մեկ անգամ. կառավարությունը պարզաբանում է աղմուկ հանած օրենքը

Առանց հանրային լայն քննարկման ու հանրային համաձայնության հարկային բեռի ավելացում չի լինելու։ Այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը`  նշելով, որ մամուլում լայն արձագանք է ստացել այսպես կոչված «խոպանչիներին» հարկելու մասին ՊԵԿ–ի օրենսդրական նախաձեռնությունը։

«Միայն հանրային լայն նախաձեռնության դեպքում կարող են այդպիսի նախաձեռնությունները կյանքի կոչվել»,– ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով կոնկրետ օրենսդրական նախաձեռնությանը` Արարատ Միրզոյանը նշեց, որ այն ճիշտ չի մեկնաբանվում։ Իրականում, ըստ նրա` խոսքը բոլոր քաղաքացիների բոլոր եկամուտների մասին է։

«Նույնիսկ, եթե կյանքի կոչվի այս գաղափարը, պետք է բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը։ Չի կարող պատահել, որ եթե ինչ-որ մեկն իր եկամտից ԱՄՆ–ում կամ ՌԴ–ում արդեն հարկ է վճարում, մի հատ էլ այդ գումարը փոխանցելուց հետո հարկվի Հայաստանում»,– պարզաբանեց փոխվարչապետի պաշտոնակատարը։

Հիշեցնենք` Պետեկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որով 2020թ.-ից եկամտային հարկ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Քաղաքացիների բոլոր եկամուտները հաշվառվելու ու հարկվելու են ID քարտային համակարգի միջոցով: Այս նախաձեռնությունը վերաբերելու է նաև արտերկրից ստացվող գումարներին` մասնավոր տրանսֆերտները, որոնք ևս նախատեսվում է հարկել եկամտային հարկով` 2020թ.-ի հունվարի 1-ից:

Աղբյուրը՝ armeniasputnik.am