ՊԵԿ-ը պետք է ճշտի կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե կենդանի, որ թույլ տա ձու ներկրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող «Արմոն» ընկերությունն այդ ծրագիրն իրականացնելիս բախվել է զավեշտալի իրավիճակի:

Ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանը պատմել է, որ իրենք փորձել են Հայաստան կոկորդիլոսի ձու ներկրել, սակայն թույլ չեն տվել, քանի որ ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ դրանք կենդանո՞ւ, թե թռչունի ձվեր են:

Ինչպես թերթի հետ զրույցում նշել է Խաչիկ Սարգսյանը, ինքը չի մեղադրում ՊԵԿ-ին, որովհետև Հայաստանում սա առաջին դեպքն է, պետք է ճշտեն՝ դա թռչո՞ւն է, թե կենդանի. օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու, դե պարզ է, որ այս ընթացքում ոչ ոք չի ներկրել, ոչ ոք չգիտի:

«…Մինչև այսօր մեզ չեն պատասխանում կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե կենդանի: Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ձվի սերտիֆիկատ ես ինչպե՞ս բերեմ, կոկորդիլոսին ասեմ՝ ինձ սերտիֆիկատ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս: Ախր դա չես բերում, որ շուկայում վաճառես: Այստեղ օրենքների հստակություն չկա, ոչ մեկի մեղքը չէ»,- ասել է նա»: