Գառնիի 50 տարվա աղբավայրը վերացվել է մեկ ամսում

Աղբահանման և աղբի վերամշակման գործում մասնագիտացած հայ-ամերիկյան «Ուվեյսթթեք» ընկերությունը ցանկանում է աղբամշակման գործունեություն ծավալել Հայաստանում։ Ընկերությունը աղբի վերամշակման փորձնական ծրագիրը սեպտեմբերի կեսերին իրականացրեց Գառնիում: Ողջ աղբավայրը մաքրելու համար մեկ ամիս պահանջվեց: Տեղում աղբի տեսակավորում է կատարվել և մաղով առանձնացված օրգանական աղբը վերամշակվել է:

Գառնիի աղբավայրը «Հետք»-ը քարտեզագրել էր երկու տարի առաջ: Դժվարությամբ էինք տեղաշարժվում աղբավայրում՝ զբաղեցրած տարածքն ու աղբի բաղադրությունը որոշելու համար: Կենցաղային ու շինարարական աղբից բացի, աղբավայր են նետվում սատկած կենդանիներն ու մշակված մորթու թափոնները, գարշահոտությունը թույլ չէր տալիս առաջ շարժվել: Դժվար էր պատկերացնել, որ կես դար առաջ ինքնակամ աղբավայրի վերածված այդ տարածքը երբևէ կարող էր մաքրվել, բայց այսօր այն իրականություն է: Նախկին աղբավայրում պլաստիկե տարաների ու պոլիէթիլենի մի քանի կույտ ու կոշտ կենցաղային թափոն են մնացել, հոտն իսպառ բացակայում է:

«Ուվեյսթթեք» ընկերության հիմնադիր Մայքլ Ալոյանն ասում է, որ այդ մեծ ծավալի աղբավայրը վերացրել են էնզայն կոչվող ֆերմենտի միջոցով: Էնզայնը ոչնչացնում է վտանգավոր բակտերիաները և օրգանական նյութերը: Արդյունքում՝ վերանում է գարշահոտությունը, որն առաջանում է օրգանական աղբից:

Վերամշակելու համար աղբը հավաքում, կուտակում են, ֆերմենտը ջրում լուծելուց հետո լցնում են աղբի մեջ, որն այդ միջավայրում սկսում է շատ արագ բազմանալ և բարձր ջերմաստիճան ստեղծելով՝ այրում է աղբը: Օրգանական աղբը քայքայվելով վերածվում է հեղուկի, որը գյուղատնտեսական արժեքավոր պարարտանյութ է:

Գառնիի աղբավայրը մաքրելու արդյունքում 2 տոննա պարարտանյութ է ստացվել, որի նմուշը ներկայացրել են գյուղնախարարության «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ փորձաքննելու:

Ստացված արդյունքներով՝ այրված կենցաղային աղբից առաջացել են ազոտ, ֆոսֆոր, կալիում և այլն:

Ամբողջությամբ՝ hetq.am