Սպանված են գտել հատուկ ջոկատային դիպուկահարի, ում կասկածում էին Մարտի 1-ին սպանությունների գործով

«Հրապարակ»-ը գրում է․ Նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հանցաշխարհի ներկայացուցիչների միջև «ռազբորկայի» արդյունքում Վանաձորում սպանված դիպուկահարի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված անձ կա։

Նրան կասկածում են Վանաձորի քրեական հեղինակության դեմ մահափորձ նախապատրաստելու, այդ նպատակով արտասահմանից դիպուկահար հրավիրելու, նրան գումար փոխանցելու ու մահափորձի պատվերը փոխանցելու մեջ։ Նաեւ փորձում են կապել իր առաքելությունն իբր չկատարած դիպուկահարի սպանության հետ:Քննչական մարմինները գերգաղտնիության մթնոլորտ են ստեղծել այս գործի շուրջ։ Ոչ մի անուն չի հրապարակվում։ Մենք պարզեցինք, որ քրեական հեղինակությունը, որի դեմ, իբր, մահափորձ է կազմակերպվել, Շալիկո Մանուչարյանն է՝ «Շալո» մականունով։ Ձերբակալվածը Սամվել Այվազյանն է՝ կարատեի նախկին մարզիչ, որը 2010-2012 թվականներին աշխատել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայում։ Իսկ սպանված դիպուկահարն էլ ազգությամբ ռուս Եվգենի Կաչակն է։

Սպանված դիպուկահարը ՀՀ հատուկ ջոկատային էր, ոստիկանության աշխատող

Փակ աղբյուրից տեղեկություն ունենք, որ Վանաձորում սպանված դիպուկահար Եվգենի Կաչակը եղել է Մարտի 1-ին կրակողների թվում։ Այս վարկածը, որն իրավապահ համակարգում շրջանառվում է, կարծես միս ու արյուն է ստանում։Բանն այն է, որ Վանաձորում 2018 թվականին սպանված դիպուկահարը, որի մահը փորձում են ներկայացնել որպես հանցաշխարհի ներկայացուցիչների միջեւ պայքարի հետեւանք, 2006 թվականից մինչ օրս որպես նշանառու հաշվառված է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում, ՀՀ ոստիկանության զորքերում՝ որպես նշանառու։

Մարտի մեկից հետո նա, ըստ նրա ընկերների, ՀՀ իրավապահների հրահանգով եւ նրանց հետ պայմանավորվածության արդյունքում լքել էր Հայաստանը։ Այս տարիների ընթացքում, ապրելով ու աշխատելով Ղազախստանում, նա աշխատանքից չի ազատվել, ոստիկանության զորքերի հաշվառումից չի հանվել, ինչն անուղղակի ապացուցում է, որ ՀՀ ոստիկանությունում տեղյակ են եղել արտասահմանում նրա գտնվելու մասին։ Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթաիում նա աշխատել է ռեստորաններից մեկում՝ որպես թիկնապահ, պարբերաբար վերադարձել է Հայաստան՝ անձնական պատճառներով։ Նա այստեղ ուներ ընտանիք, մարդիկ, որոնց կարոտում էր։

Վերջին անգամ Հայաստան գալուց առաջ Ժենյան ասել է ընկերներին, որ գալու համար հատուկ թույլտվություն պետք է ստանա ՀՀ իրավապահներից։ Կարելի է ենթադրել, որ ՀՀ իրավապահները, ոստիկանության պաշտոնյաները, նրանք, ովքեր տեղյակ էին նրա գտնվելու վայրի մասին, փաստորեն, թույլատրել են դիպուկահար Կաչակի մուտքը Հայաստան։ Ամենայն հավանականությամբ, նրանք տեսադաշտում են պահել վերջինիս, հետեւել են նրա տեղաշարժերին։ Բայց Վանաձորում, որտեղ Կաչակը հարազատ ուներ, ռուս դիպուկահարը սպանվել է առեղծվածային հանգամանքներում։ Նրա մարմինը հայտնաբերել են Երեւանում, 3-րդ գյուղ կոչվող թաղամասում գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը։

Դիպուկահարի մարմինը դրել է հոր գերեզմանին ու փախե՞լ

Եվգենի Կաչակի սպանության գործով նախաքննությունը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ։ Ի՞նչ գիտեն քննիչները։ Ահա, ինչ հաջողվեց մեզ պարզել՝ համադրելով Կաչակի, նրա ընկերոջ՝ այս գործով ձերբակալված կարատեի նախկին մարզիչ Սամվել Այվազյանի բարեկամներից, նաեւ քննությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից ստացած տեղեկությունները։

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։