«Չէ, մենք ՄԱՉՈ ենք, խեղաթյուրված մաչո. Չենք ընդունում սեռականներին, բայց ամուսնական անհավատարմությունը հասել է անասելի չափերի»

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս սեռական փոքրամասնությունների աժիոտաժի ֆոնին մի բան թույլ տվեք ասել։ Ինքս իմ էությամբ կողմ եմ նահապետական օրենքներին, իրականում մարդ արարածը վաղուց է չափն անցել։ Եթե կկարողանաք ՀՀ-ում հաստատել ձեր ազգային-նահապետական օրենքները միայն ու միայն կողջունեմ։ ԲԱՅՑ, երբ դուք գրեթե ԲՈԼՈՐ թելերով կախված եք արևմուտքից, դուք ձեր կամքով մտել եք ԵԽ, ինտեգրվել եք հազար ու մի եվրոպական կառույցներին, պահը չեք կորցնում ասելու- բա գիտեք, մենք, որ եվրոպա էինք եվրոպան ո՞ւր էր, չե՞ք կարողանում հասկանալ, որ խնդիրն իրականում սեռական փոքրամասնությունները չեն, խնդիրը ՏՈԼԵՌԱՆՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որը քարոզվում է ոչ քարանձավային հասարակությունների կողմից։

Չէ, մենք ՄԱՉՈ ենք, խեղաթյուրված մաչո։ Չենք ընդունում սեռականներին, բայց ամուսնական անհավատարմությունը հասել է անասելի չափերի։ Հասարակություն, որի ընտանիքների մեծամասնությունում կին հայհոյելը, ծեծելը, որպես սեփականություն օգտագործելը հարգված երևույթ է։ Հասարակություն, որտեղ տղամարդու կողմից «լևի գնալը» ընդունվում է՝ «բա տղամարդ է, պիտի գնա», իսկ կնոջ կողմից գնալը՝ «փչացած, պոռնիկ, անբարոյական» խոսքերով, որի արդյունքում կինը դառնում է իզգոյ։ Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ինչո՞վ է պոռնիկ տղամարդը տարբերվում պոռնիկ կնոջից։ Երկուսին էլ Տերը արգելել է դրանով զբաղվել։

Չէ, մենք վերաձևակերպել ենք Տիրոջ ասածը։ Բայց ահա սեռականների մասով վկայակոչում ենք Աստծուն։ Անձնապես ինձ համար շաաատ, մեղմ ասած, ընդունելի չէ և պիղծ է ցանկացած, կրկնում եմ ցանկացած տեսակի սեռական պղծություններ, բայց ես չէ, որ պետք է դատեմ այդ մարդկանց, դատողը կդատի։ Բայց ահա ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ կարևոր, եթե կուզեք շաաատ կարևոր նախապայման է, որ մեր փոքրիկ մաչո երկիրը ընկալվի և ընդունվի քաղաքակիրթ երկրների կողմից․․․»: