Գլխավոր Հասարակություն 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի...

5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պարզաբանումը

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն պարզաբանում է տարածել հոկտեմբերի 27-ին կենտրոնում 5-ամյա երեխայի մահվան հետ կապված։ Այս մասին գրված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

««Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ հոկտեմբերի 27-ին: Երեխան տեղափոխվել է Երևանի այլ բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենայով, անգիտակից վիճակում 3-րդ աստիճանի կոմա ախտորոշումով (Գլազգոի սանդղակով 3-4 բալ): Շտապ կատարվել են գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա և ախտորոշվել է թարախային պնևմոկոկկային մենինգիտ: Երեխան անցկացվել է արհեստական շնչառության և սկսվել է հզոր հակաբակտերիալ և համալիր բուժում: Բուժման ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ կոնսիլիումներ Հայաստանի առաջատար մասնագետների` նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ռեանիմատոլոգների, մանկաբույժների, նեֆրոլոգների մասնակցությամբ: Ընթացքում զարգացել է պոլիօրգան անբավարարություն, և սուր երիկամային անբավարարության պատճառով 6 օրվա ընթացքում անց է կացվել պերիտոնեալ դիալիզ: Չնայած ամբողջ ծավալով կատարված ախտորոշմանը և վիճակին համապատասխան կատարվող արդի համալիր միջոցառումներին, բուժումը եղել է անարդյունավետ: Ամբողջ բուժման ընթացքում բուժող բժիշկների և կոնսուլտանտների կողմից ծնողներին տրվել է մանրամասն բացատրություն երեխայի վիճակի ծայրահեղ ծանրության և սպասվելիք ելքի մասին:

Մինչ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվելը երեխան հսկվել է տարբեր բուժկենտրոններում, իսկ երեխայի մահանալուց հետո ծնողները դիմել են իրավապահ մարմիններին:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում բուժման ընթացքի վերաբերյալ ծնողների կողմից որևէ դժգոհություն չի եղել, ինչի մասին վկայում է հոր մեկնաբանությունը Shamshyan.com կայքում»,- գրված է ֆեյսբուքյան էջում:

Աղբյուրը՝ blog.168.am