Կեղծ դրամներ Հայաստանում. ինչո՞ւ այստեղ դրամանենգությունը սիրողականից վերև չի բարձրանում

Դրամանենգերը հայտնվեցին այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին առաջին դրամները հատել։ Հեշտ եկամտի գայթակղությունը միշտ շատ ուժեղ էր, սակայն նման հանցանքների պատիժն էլ, սովորաբար, խիստ է եղել։ Թեև դա չէր կանգնեցնում արկածախնդիր մարդկանց. աշխարհի ոչ մի արժույթ չի խուսափել կեղծիքներից, ու հայկական դրամը բացառություն չէ։

Հայկական ազգային դրամի (խոսքը երրորդ հանրապետության մասին է) կեղծիքի առաջին դեպքը գրանցվել է 1993 թվականին։

Այն «տնավարի» պատրաստված, բավական միամիտ կրկնօրինակ էր։ Այն միանգամից հայտնաբերել էին, իսկ դրամանենգին գրեթե միանգամից բռնել։

Այն ժամանակ երկրի տարածքում  հայկական դրամը նոր էր շրջանառության մեջ դրվել, շատերը հիշում են 10 դրամանոց թղթադրամը։ Հենց այն էին կեղծել. ևս մեկ զրո էին նկարել ու դրամը միանգամից տասնապատկվել էր։ Թեև 10-ը դրամանոց թղթադրամը բավական լուրջ գումարի էր վերածվել, այն մեծ օգուտ չէր կարող տալ։

Համենայն դեպս այդ դեպքը պատմության մեջ մտավ։ Դրանից հետո պարբերաբար մամուլում տեղեկություններ էին հայտնվում կեղծ դրամներ շրջանառության մեջ դնելու մասին. հիշարժան են 2013-2014 թվականների ու 2017 թվականի ձմռանը եղած հաղորդագրությունները։ Վերջին դեպքում 10 հազար դրամանոցներն էին կեղծել։

ՀՀ ԱԱԾ տեղեկությունների համաձայն` կեղծ թղթադրամները պատրաստել էին գունավոր պատճենհանման միջոցով։

Միաժամանակ բնօրինակին հնարավորինս շատ նմանացնելու համար դրանց վրա պաշտպանական մետաղյա գծեր էին փակցրել, որոնք հանվել էին 1000 դրամանոցների վրայից։ Դժվար է ասել` ինչքան եկամուտ էին ստացել դրամանենգները` հաշվի առնելով արտադրության ինքնարժեքն ու այլ կորուստները։

ՀՀ ԿԲ դրամաշրջանառության վարչության դրամանիշերի փորձաքննության բաժնի պետ Յուրի Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հայկական ազգային արժույթը հիմնականում կեղծում են էժանագին միջոցներով, կոպիտ և ոչ պրոֆեսիոնալ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am