Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները հողամասը վաճառել են շուկայականից 5 անգամ ցածր գնով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելով օտարման ոչ ենթակա գույքը շուկայականից ավելի քան 5 անգամ ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Երևանի քաղաքապետարանի նախկին՝ «Երկիր ծիրանի» խմբակցությունից ստացված գրության հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Չարենցի 25/1 հասցեում գտնվող՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հանրակրթական դպրոցի հարակից աստիճանահարթակը և սիզամարգերն ընդգրկող հողատարածքի վաճառքի հանգամանքները:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, բավարար տվյալներ ունենալով այն մասին, որ նշված հողամասն ընդգրկված է Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման գոտում և, որպես այդպիսին, ենթակա չէ օտարման, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և առանց սահմանված կարգով գույքի գնահատման, նշված հողատարածքը վաճառել են ընդամենը 81.928.700 ՀՀ դրամով: Գնորդը հետագայում գույքը երկու անգամ գրավադրել է բանկում: Այդ շրջանակներում իրականացված անշարժ գույքի գնահատմամբ հողատարածքը մի դեպքում գնահատվել է 445.500.000 ՀՀ դրամ, երկրորդ՝ հաջորդող գրավով գրավադրման ժամանակ՝ 458.350.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 26-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին: