Համաներման նախագիծը ենթակա է լրամշակման, փոփոխման։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Tert.am-ի դիտարկմանը, թե համաներման նախագիծը մի շարք փաստաբաններ աննախադեպ չեն համարում, ավելին՝ «Սասնա Ծռերի» պաշտպանը չի բացառում, որ հետագայում կդիմեն ՍԴ։
«Նախադեպ, աննախադեպ լինելու գնահատականը լրիվ իրավունք ունեք տալու, մենք ասել ենք ընդարձակ և դա հենց այդպես էլ կա»,- նշեց նա։
Անդրադառնալով քննադատություններին, թե 2013–ի համաներման ակտն ավելի մարդասիրական էր, նախարարն ասաց.
«Նախագիծ է սա, և մենք ունենք հիմնավոր փաստաթղթեր, ըստ որոնց՝ այս համաներումը բավականին ընդգրկուն է»,- շեշտեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչու որոշվեց «Ծռերի» նկատմամբ կիրառել համաներումը, իսկ Նորքի զինված խմբի նկատմամբ՝ ոչ, նախարարն ասաց, որ դա բովանդակային քննարկման թեմա է, ինչը հիմա չի անելու։
«Համաներումը պետության պարտականությունը չէ, համաներումը կարող է արվել որպես բարի կամքի դրսևորում, լրացուցիչ՝ որպես շնորհ, որպես արտոնություն»։
Ցմահ ազատազրկվածների հետ կապված խնդրին ևս նախարարը չանդրադարձավ , ասելով, որ այդ հարցի պատասխանը կտրվի առաջիկայում՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովում փակ քննարկման ընթացքում։
«Եթե ցանկություն ունեք տեսնելու, որ փոփոխություն կա, պիտի տեսնեք, որ այս ոլորտի նկատմամբ քաղաքականությունը փոխվել է, այսպիսի քանակական վաղաժամկետ ազատումներ չեն եղել։ Այս ոլորտում հարցերին տեխնիկական լուծումներ են տրվում, որոնք թույլ կտան որակական արդյունքների հասնելու։ Անհատական մոտեցում ցուցաբերվում է յուրաքանչյուրին՝ դրական լույսի ներքո»,- նկատեց նա։
Արտակ Զեյնալյանը նշեց նաև, որ համաներման նախագիծը չպետք է տեղադրվեր ԱԺ կայքէջում, քանի դեռ այն չէր քննարկվել և վերջնական լուծումներ չէին տրվել։
«Նախագիծը հրապարակման առարկա դարձնելը հակասում էր հանրային շահին»,- ասաց նա։
Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախագծի փակ քննարկումը պետաիրավական հանձնաժողովում ունի կոնկրետ հանրային շահ, դրանով հետապնդվում է լեգիտիմ սահմանադրական նպատակ՝ պաշտպանելու մարդկանց իրավունքները, սեփականության և այն բոլոր իրավունքները, որոնք կարող են դառնալ հնարավոր հանցագործությունների թիրախ։