Ողբերգական դեպք․ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են Սեյրան Օհանյանի կնոջ 45-ամյա քրոջ դին

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն կամրջի տակ դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը։ Հայտնաբերված դին, ըստ դատաբժշկի, կլինի 40-45 տարեկան կին, որի ինքնությունը ոստիկանությունը պարզում է։

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին դեպքի վայրում հսկողություն են կատարում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Լ. Խ.-ն էր. նա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է, մասնագիտությամբ բժշկուհի էր եւ աշխատում էր հանրապետության հայտնի ծննդատներից մեկում։