Ախթալայում դեմ չեն խոշորացված համայնքն «Ազնավուր» անվանակոչելու առաջարկին

Ախթալա խոշորացված համայնքի ավագանու մի խումբ անդամներ հայտարարություն են տարածել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ախթալա համայնքի ավագանու անդամ Ռուդիկ Թամազյանը:

«Հայտնում ենք, որ ողջունում ենք նախաձեռնությանը և առաջարկում ենք Ազնավուր անվանել Ախթալա խոշորացված համայնքի վարչական անվանումը, որտեղ համայնքի մեջ մտնող բոլոր բնակավայրերը կշարունակեն կրել իրենց ներկայիս անվանումները»,- գրել է Թամազյանը:

Հիշեցնենք, որ մի խումբ  մարդիկ դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ախթալա համայնքը մեծանուն հայազգի շանսոնյեի հիշատակին վերանվանելու առաջարկով:

Խոշորացված համայնքի ավագանու ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ավագանու առաջիկա նիստում սույն հայտարարությանը միացած ավագանու անդամները հանդես կգան համապատասխան նախաձեռնությամբ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am