Ռուսաստանի քննչական կոմիտեն կստուգի Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Բարերարի ազգականներն ավելի վաղ հրաժարվել էին քրեական գործ հարուցել, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով այդ որոշումը, հասել է դրա չեղարկմանը։

Ռուսաստանի քննչական կոմիտեն կրկնակի կուսումնասիրի 2017թ.-ին Մորդովիայի գաղութում գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, գրում է «Կոմերսանտը»։

Ավելի վաղ նրա հարազատները մերժել էին քրեական գործ հարուցել, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով համապատասխան որոշումը, հասել է դրա չեղարկմանը։ Հիմա փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի Հայրապետյանին ենթադրաբար թունավորելու հանգամանքները. վերջինը մահվան նախօրեին այդ մասին հաղորդել է իր եղբորը։

Ինչպես պարբերականին հաղորդել է փաստաբան Կարեն Ներսիսյանը, Հայրապետյանը մահից մեկ օր առաջ զանգահարել է Հայաստան` եղբորը, ինչպես նաև ընկերոջը` Պարգև արքեպիսկոպոս սրբազանին, որը գլխավորում է ՀԱԵ Արցախի թեմը, և հայտնել, որ իրեն թունավորել են։

Ներսիսյանը, վերլուծելով գործարարի հարաբերություններն իր մտերիմների հետ, պարզել է, որ նրանք կարող էին շահագրգռված լինել Հարությունյանի մահվան մեջ։

«Հայրապետյանի ժառանգության ընդհանուր գումարը կազմում է մոտ 100 միլիոն դոլար, ներառյալ շարժական և անշարժ գույքը։ Եվ եթե Լևոնը դուրս գար բանտից, ապա ընտանիքում սրված հարաբերությունների պատճառով կարող էր տնեցիներից մեկին զրկել ժառանգության իրավունքից, ինչը նրանց կտրականապես ձեռնտու չի եղել»,- ասել է փաստաբանը։

Լևոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին, կյանքի 68-րդ տարում։

Նա ձերբակալվել էր դեռևս 2014 թվականին ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման:

Նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքում նախկին սենատոր Իզմեստևի և նրա մոր ցուցմունքներն էին: Դրանց համաձայն՝ Հայրապետյանն Իզմեստևի մորից 700 հազար դոլար էր վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն աջակցելու խոստումով, սակայն չէր կատարել խոստումը։

Դատարանի վճռով Լևոն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել 700 հազար դոլարի խարդախության մեջ։

Ծագումով արցախցի Լևոն Հայրապետյանն Արցախի ամենախոշոր ներդրողներից էր։ 16 տարի առաջ նրա տրամադրած ֆինանսական միջոցներով վերակառուցվել է 13-րդ դարի հայտնի Գանձասարի վանական համալիրը։

Նրա օգնությամբ Արցախում կառուցվել է փայտամշակման գործարան, հանգստյան գոտիներ ու դպրոց։

Լևոն Հայրապետյանը հոգացել է նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի հատվածի շինարարության ծախսերը։ Դա այն հատվածն է, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

7 մլն դոլար էլ տրամադրել է Մարտակերտում ջրամբարի կառուցմանը։

armeniasputnik.am