Հումորում չկան սահմանափակումներ. Գլխավոր պրոդյուսերը՝ «Հումորի լիգա» նախագծի մասին

«Շանթ» հեռուստաընկերությամբ հոկտեմբերի 20-ից կմկեկնարկի մեր երկրում դեռեւս նախադեպը չունեցող հումորային նախագիծ: «Հումերի լիգա»՝ այսպես է կոչվում սպասվող նախագիծը, որը հումորասերներին հնարավորություն կտա ինքնադրսեւորվել, իսկ լավագույնը ճանաչվելու դեպքում՝ ստանալ 1.000.000 դրամ:

Life.panorama.am-ը զրուցել է «Հումորի լիգա»-ի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սուքիասյանի հետ, ու հետաքրքիր մանրամասներ պարզել նոր նախագծի մասին:

Արմենը պատմեց, որ նախագծի գաղափարը վաղուց են ունեցել.

«Բավական վաղուց էինք մտածում ունենալ հումորային նախագիծ, որտեղ կմրցեին քիչ թե շատ հայտնի հումորիստները, ինչպես նաեւ անհայտ, բայց մեծ պոտենցիալ ունեցող մարդիկ, ովքեր մինչ այդ շանս չեն ունեցել ինքնադրսեւորվելու: Եվ ահա մեր վաղեմի ցանկությունն արդեն իրականություն է, «Հումորի լիգա»-ի քասթինգի փուլը եթերում կլինի հոկտեմբերի 20-ին եւ 21-ին, եւ այդպես շարունակ ամեն շաբաթ եւ կիրակի մենք եթերում կլինենք, իսկ դեկտեմբերի 30-ին կկայանա եզրափակիչ փուլն ու կորոշվի հաղթողը»,- նշեց գլխավոր պրոդյուսերը:

Վերջինս նկատեց, որ ժանրային կամ թեմատիկ խտրականություն դրված չէ:

«Անկախ ժանրից, թիմի քանակից եւ նախկինում ունեցած փորձից՝ մինչեւ քասթինգի փուլը բոլորը հավասար են, իսկ քասթինգի փուլի ավարտից հետո, ամեն հաջորդ փուլ անցնելը կորաշի ժյուրին»,- նկատեց նա ու հավելեց.

«Հումորում չկան սահմանափակումներ, կան ծիծաղելի եւ ոչ ծիծաղելի կատակներ, դաշտը բաց է բոլորի համար»:

«Մասնակիցներին գնահատելու ենք մոտավորապես այնպես, ինչպես գնահատում են «Лига Смеха» նախագծում, իսկ թե ինչով է պայմանավորված ժյուրիի կազմը, կիմանաք առաջին 1/8 եզրափակչի ժամանակ՝ հոկտեմբերի 27-ին»:

«Հումորի լիգա»-ն կվարի ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը: Արմեն Սուքիասյանի խոսքով՝ նրան ընտրել են կազմակերպչական թիմի եւ «Շանթ» հեռուստաընկերության համատեղ որոշմամբ:

Ի դեպ՝ ընդգծեցնք, որ «Հումորի լիգա»-ի հաղթողին մեծ հնարավորություններ կտրվի:

«Գլխավոր մրցանակը համագործակցության պայմանագիրն է Շանթ Հ/Ը հետ, հաղթողը կստանա նաեւ 1.000.000 դրամ, իսկ լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել «Лига Смеха» ուկրաինական նախագծին եւ այնտեղ ներկայացնել Հայաստանը»,- ավարտեց մեր զրուցակիցը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Աղբյուրը` life.panorama.am