«Ադրբեջանական զինուժը Նախիջևանից գնդակոծել է Արենի գյուղի շրջանը». Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել են Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի՝ այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում: Մեկ օր առաջ նույնպիսի գործողությունների էին դիմել Տավուշում: Ուղղակի, ի տարբերություն Տավուշի՝ գնդակները մինչև Արենի չեն հասել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը վերջին 5 օրերին ակտիվ կրակում է Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ:

Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանել էր, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ՝12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։

Ադրբեջանական կողմի՝ կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել էր Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.):

tert.am