Նիկոլ Փաշինյանի մեղքը մեկն է. Վահան Բադասյանը հրապարակային առաջարկ է անում

Կալանավորման և գրավի դիմաց ազատ արձակման պրակտիկան ինչ-որ չափով սերիալի է նմանվում: Հանրությունը հրճվում է, երբ կալանավորվում է նախկին իշխանությունների օրոք ապօրինություններ իրականացրած անձը և հիասթափվում, երբ  նույն անձին օրեր անց ազատ են արձակում գրավի դիմաց: Երևույթը միակարծիք չի ընդունվում և տարաբնույթ քննարկումների տեղիք է տալիս:

Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը նկատեց, որ այստեղ դրսևորվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդուրժողականությունը.

«Վարչապետի դրսևորած հանդուրժողականությունը ինչ-որ տեղ կարող է դիտվել որպես թուլություն, որովհետև իրեն ժողովրդի կողմից բոլոր լիազորությունները տրված են և ինքը պետք է լավ հասկանա, որ իրականության մեջ հեղափոխություն է տեղի ունեցել և ոչ թե իշխանափոխություն: Չնայած տպավորությունը այն է, թե կատարվածը իշխանափոխություն է: Ինչո՞ւ…որովհետև հեղափոխության պարագայում գաղափարների համար դատապարտված քաղաքական բանտարկյալները, ովքեր պայքարում էին այս հեղափոխության համար պետք է արագ ազատ արձակվեին: Բանտի դռները կոպտորեն պետք է բացվեին ու նրանք ազատ լինեին: Նույն պարագայում հեղափոխության կազմակերպիչները պետք է բանտ նստեցնեին պատվեր կատարող դատավորներին և այն քննչական  մարմիններին, ովքեր վերոհիշյալ գործիչներին բանտարկել են և նրանք պետք է տան պատվիրողի անունը, որ նրանք էլ բանտ նստեն:Այս դեպքում կլինեն հանցանքի համար քրեորեն պատժվողներ»,-նշեց Վահան Բադասյանը:

Բադասյանի խոսքով` ժողովրդի տված հարկերով աշխատավարձ ստացող դատավորները գրավի դիմաց բաց են թողնում ծանր հանցագործություններ կատարողներին.«Տրամաբանորեն այստեղից կարող ենք եզրակացնել, որ ինչքան էլ ծանր լինի հանցանքդ` գրավի դիմաց կարող ես ազատ արձակվել, որովհետև փող ունես: Բայց այսօր այդպիսի երևույթի ականատես ենք և մեղքի վեկտորի բոլոր գծերը գնում են Նիկոլ Փաշինյանի վրա: Պետք է արձանագրեմ մի փաստ, որ այս պարագայում վարչապետի մեղքը մեկն է` նա պետք է տեր կանգնի հեղափոխությանը և ոչ թե իշխանափոխությանը: Նա պարտավոր է տեր կանգնելու ամբողջ հայ ժողովրդի կողմից կատարած հեղափոխությանը և ոչ թե իր թիմի կողմից մի գիծ բռնած և առաջնորդված թեզին, որ ասում են` բանտի դռները չենք բացելու և ասենք դուրս եկեք, պետք է օրինական գործընթաց լինի:Այսինքն` ո՞ւմից ենք սպասում օրինական գործընթաց: Նույն այն դատավորից, որ պայքարողներին բանտ է գցել և անօրեն կերպով` գրավի դիմաց բաց է թողնում հանցագործներին և հասարակությունը խառնելով իրար ամուր հիմքեր ստեղծում հակահեղափոխության համար:Ես կարծում եմ, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես շարունակի, ապա չի կարողանա պաշտպանել հեղափոխության ձեռքբերումները, քանի որ հեղափոխության ձեռքբերումները այսպես չեն պաշտպանում»,-ընդգծեց քաղաքական գործիչը:

Վահան Բադասյանը պահանջում է, որ հեղափոխության ձեռքբերումները պահպանվեն հեղափոխության կանոններով.«Բանտի դռները պետք է բացվեն և քաղբանտարկյալների տեղում` բանտում պետք է հայտնվեն Նիկոլ Փաշինյանին դատող դատավորից սկսած, մինչև Սեֆիլյանին դատող դատավորը:Այդ մարդիկ պետք է դատվեն և ստացած աշխատավարձը վերադարձվեն: Արդարադատությունը այդ մարդկանց հույսին թողնելը ծիծաղելի երևույթ է»:

Վահան Բադասյանը անդրադարձավ նաև գործարար Ռուբեն Վարդանյանի պահվածքին.«Չպետք է թույլ տալ որ Ռուբեն Վարդանյանի նման խարդախ մարդիկ երևան գան:Դիլիջանի դպրոցում այս մարդը նախկին վարչապետի հետ խարդախություններ է գործել: Այդ մարդը ուզում է Փաշինյանի մեջ տեսնել ոչ թե գործի մարդու, այլ միտինգային գործչի: Սա լուրջ հարց է ու չի կարելի մատների արանքով նայել»:

Վահան Բադասյանը ամփոփելով խոսքը կոչ հղեց ՀՀ վարչապետին.«Հրապարակային առաջարկությունս է Նիկոլ Փաշինյանին, որ ինքը հանդիսանալով հայ ժողովրդի լիդեր և լինելով մարդ, որը կարողացավ երկու տասնամյակի պայքարի ջիղը միավորել և գլխավորել շարժումը, պետք է չմոռանա, որ լիազորված է մեր կողմից և պարտավոր է անցումային արդարադատությունը արագ կայացնել, բանտ նստեցնելով բոլոր հանցագործներին»:

Լուսին Ղազարյան

Նյութի աղբյուրը՝ primenews.am